Դեկտեմբերի 11-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» դահլիճում կայացավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների ընտրանու 8-րդ հատորի (2014թ.), քաղաքացիական և վարչական գործերով միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ որոշումների ընտրանու 2-րդ հատորի (2013-2014թթ.) շնորհանդեսը: Շնորհանդեսի շրջանակներում ներկայացվեց նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը:
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ, ՀՀ դատարանների նախագահներ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Ժողովածուներն ու հաշվետվությունը տպագրվել են ՀՀ վճռաբեկ դատարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի համատեղ ջանքերով:
Շնորհանդեսի բացման իր ելույթում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձավ 2013-2015 թվականների վիճակագրական տվյալներին՝ ընդգծելով, որ նշված երեք տարիների ընթացքում քաղաքացիական գործերի թվաքանակի ահռելի աճ է գրանցվել: Եվ աճել է ոչ միայն դատարաններում ստացված քաղաքացիական գործերի քանակը, այլև այն գործերի քանակը, որոնք ավարտվել են տարվա ընթացքում:
«Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում 2013 թվականի ընթացքում ստացվել է 48.540 քաղաքացիական գործ, որից ավարտվել է 33.097 գործի քննությունը: 2014 թվականի ընթացքում ստացվել է 85.772 քաղաքացիական գործ, որից ավարտվել է 52.612 գործի քննությունը: 2015 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ՝ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 111.184 քաղաքացիական գործ, որից ավարտվել է 68.079 գործի քննությունը: Այսպիսով՝ 2015 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացված քաղաքացիական գործերի քանակը 2013 թվականի համեմատությամբ 62.644-ով, այսինքն՝ ավելի քան կրկնակի աճել է: Այս պարզ համեմատությունից ակնհայտ է դառնում, որ նախորդ երեք տարիների ընթացքում քաղաքացիական գործերով կրկնակի աճել է ընդհանուր իրավասության դատարանների կատարողականը, ինչը լուրջ ձեռքբերում եմ համարում», – նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ու հավելեց, որ, առանց օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման գործառույթների շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորվող նախադեպային իրավունքի, նման ծավալի քաղաքացիական գործերի քննությունը և բարձր կատարողականի ապահովումը դժվար թե հնարավոր լիներ:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանն իր ելույթն սկսեց Վճռաբեկ դատարանի որոշումների դերի և նշանակության վերաբերյալ անդրադարձով: «Իր ակտերի միջոցով ՀՀ վճռաբեկ դատարանը ներկայանում է հասարակությանը, իր կայացրած ակտերի որակը դարձնում հասարակական քննության առարկա, ինչ էլ տարեցտարի նոր մարտահրավերներ է նետում ողջ դատական իշխանության մասնագիտական որակների բարձրացման համար՝ խթան հանդիսանալով զարգացման համար», – նշեց Վարդան Պողոսյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ընդգծելով, որ յուրաքանչյուր մարմնի գործունեության գնահատումը նախ և առաջ պայմանավորված է վիճակագրական տվյալներով, իր ելույթն սկսեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2014 թվականի վիճակագրության ամփոփմամբ: Պալատի նախագահը, մասնավորապես, նշեց, որ «2014 թվականի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացվել է 2789 վճռաբեկ բողոք, որից 60%-ը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ և 40%-ը` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ:
Ստացված 2789 վճռաբեկ բողոքներից 1029-ը (38,6%) վերադարձվել է, իսկ 179-ն (6,7%) ընդունվել է վարույթ, 990 (37,1%) բողոքի վարույթի ընդունումը մերժվել է, 205 (7,7%) բողոքները թողնվել են առանց քննության (որից 4-ը հետ է վերցվել, 205-4=201):
2014 թվականին վարույթ ընդունված 179 վճռաբեկ բողոքներից քննարկվել է 133-ը (74,3%), որից 124-ը (50+11+16+21+1+21+4=124) 69,3% բավարարվել են և բեկանվել են համապատասխան դատական ակտերը:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացվել է 1668 վճռաբեկ բողոք:
Ստացված 1668 բողոքներից 944-ը վերադարձվել է (58,5%), 125-ը (7,7%) ընդունվել է վարույթ, որից քննարկվել է 100-ը (վարույթ ընդունվածների 80%) և որից բավարավել են 92 (92%), 289 (17,9%) բողոքի վարույթ ընդունելը մերժվել է, 93 (5,8%) բողոք թողնվել է առանց քննության (որից 3-ը հետ է վերցվել):
Անդրադառնալով վարչական դատավարության կարգով քննված գործերի վիճակագրությանը` պետք է նշեմ, որ հաշվետու տարվա ընթացքում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացվել է 1070 վճռաբեկ բողոք, որից 62-ով (6,2%) վճռաբեկ բողոքը վերադարձվել է թերությունները շտկելու համար և նոր բողոք չի ներկայացվել, 50-ը (5%) ընդունվել է վարույթ, որից քննարկվել է 29-ը (վարույթ ընդունվածների 58%) և որից բավարարվել են 28-ը (96,5%), 698 (69,4%) բողոքի վարույթ ընդունելը մերժվել է, 100 (9,9%) բողոք թողնվել է առանց քննության (որից 1 բողոք հետ է վերցվել)»:
ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության առանցքային ուղղությունների մասին խոսելիս Երվանդ Խունդկարյանն ընդգծեց, որ նախադեպային իրավունքը մեր երկրում անցել է ձևավորման բավականին բարդ ուղի և շարունակում է զարգանալ մինչ օրս: Սակայն արդեն իսկ այսօր կարող ենք վստահաբար փաստել, որ նախադեպային իրավունքը մեր երկրում որոշակիորեն կայացած իրողություն է: Այդ են վկայում ինչպես դատական պրակտիկայի ցուցանիշները, մասնավորապես` դատական ակտերում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում հղումները Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին, այնպես էլ` մասնագիտական հանրության գնահատականը:
Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ոչ միայն կիրառվում են նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող դատական գործերով, այլև որոշ դեպքերում ելակետային նշանակություն ունեն վարչական մարմինների գործունեության կազմակերպման հարցում, ուղղորդում են քաղաքացիական շրջանառության մասնակիցների վարքագիծը, իսկ որոշ դեպքերում՝ օրենսդրական փոփոխությունների հիմք են հանդիսանում: