ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։ Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:
Ըստ աղբյուրի՝ հաղորդումներից 79-ը վերաբերում է Երևանում, 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին։
Այսպես՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 19, Լոռիում՝ 14, Արագածոտնում՝ 4, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի քննչական վարչություններում՝ 2-ական, Արմավիրում՝ 1 հաղորդում։
Երևանում ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանին՝ 24 դեպք։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 15, Աջափնյակ և Դավթաշենում՝ 9-ը, Քանաքեռ-Զեյթունում՝ 8, Կենտրոն և Նորք-Մարաշում՝ 7, Շենգավիթում՝ 6, Արաբկիր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ 5-ական ահազանգ։
Ստացված բոլոր ահազանգերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ տարածքային քննչական ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ։
Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննության արդյունքների մասին կոմիտեն տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։
ՀՔԾ-ից էլ հաղորդում են, որ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Մ.-ն նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելով առաջարկել է իրեն տրամադրել վստահված անձի երկու վկայական և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրն իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանի հաղորդման հիման վրա՝ հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Զավեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու համար: Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մեկ այլ դեպքով` 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը Երևանի Արաբկիր վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 տեղամասի հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ տեղամասում ԶԼՄ ներկայացուցիչ Հակոբ Նազարի-Դեխնավին քվեարկության լրացուցիչ ցուցակների անճշտության հետ կապված անհիմն վիճաբանության մեջ է մտել իր հետ և բռնություն է կիրառել իր նկատմամբ:
Բացի այդ, Հակոբ Նազարի-Դեխնավին իր գործողություններով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:
Ըստ ՀՔԾ-ի՝ Հակոբ Նազարի-Դեխնավին, իր հերթին, հաղորդում է տվել, որ Երևանի Արաբկիր վարչական տարածքում գտնվող տեղամասի հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանն իր նկատմամբ բռնություն է կիրառել:
Հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ընտրախախտումների վերաբերյալ այլ դեպքերով`զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է մի շարք նյութերի նախապատրաստումը: