Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է խարդախության և կաշառք տալու և ՃՈ աշխատակիցների կողմից ապօրինաբար վարորդական իրավունքի վկայական տրամադրելու վերաբերյալ գործ: Գործըք քննվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Մատինյանը աշխատել է «ԱրմոբիլՄ անվտանգության ծառայությունում՝ որպես տեսահսկող: Նա իր գործընկերոջը՝ նույն կազմակերպության պահնորդ Ալբերտ Մեհրաբյանին դրդել է 120000 դրամ կաշառք տալու փորձ անել և վստահությունը չարաշահելու եղանակով նրանից զգալի չափերով` 120000 դրամ գումար է հափշտակել:
Մյուս երեք ամբաստանյալները Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ են. Սպարտակ Հարությունյանը եղել է ՃՈ հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, Արա Հարությունյանը՝ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչ և Հովիկ Գալոյանը՝ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին` խաթարվել է վարորդական հաշվառման վկայագրերի տրամադրման օրենսդությամբ սահմանված կարգը և դրանով պայմանավորված` համապատասխան պետական մարմնի հեղինակությունն ու բնականոն գործունեությունը:
Չորս ամբաստանյալների հանդեպ էլ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: