Կատարվում է քննություն՝ պարզելու սահմանապահ զորքերի ժամկետայինի մահվան պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները։ Այս մասին նշվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ աղյուրի` 2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:35-ին, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին հեռախոսագրով հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ։ Պարզվել է, որ Գ.Խաչատրյանն ստացել է գլխի գագաթային շրջանի հրազենային վերք, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը:

Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը՝ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։  Նախնական տվյալներով՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ քերծվածքներ սրունքների վրա։

Պարզվել է նաև, որ նախքան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքն ստանալը զինծառայողը հեռախոսազրույց է ունեցել։

Մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, նշանակվել փորձաքննություններ։

Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն քննության այս փուլում հրապարակման ենթակա չէ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել