ՀՀ-ում ծնունդների գրանցումը իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինները: Երեւան քաղաքում ամուսնության և ծննդյան գրանցումը կարող է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատում: Քաղաքացիական կացության ակտի գրառում կատարելու համար պետք է ներկայացվեն այն փաստաթղթերը, որոնք հիմք են քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման համար, եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ։
Ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ եւ ցանկությամբ` նաեւ ազգությունը, սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ, հայրանունը՝ հոր անվամբ: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի ազգանունը գրառվում է նրա ծնողների ազգանվամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ՝ ծնողների համաձայնությամբ: Անվան գրանցումը իրականացվում է բացարձակ անվճար, անկած այն հանգամանքից տվյալ անունը նախկինում եղել է գրանցող մարմնի տվյալների բազայում, թե ոչ:
Երեխայի ծնողների միջեւ համաձայնության բացակայության դեպքում ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը եւ (կամ) ազգանունը (ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում) գրառվում են դատարանի որոշման հիման վրա: Երեխայի հոր հետ ամուսնական կապի մեջ չգտնվող մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունները լրացվում են մոր ցուցումով: