Կոռուպցիոն ռիսկերը՝ համատիրություններում. քննարկում Լոռու մարզի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ

2015 թվականի նոյեմբերի 12-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Լոռու մարզի ՔՀԿ-ների խումբը «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակում կազմակերպեցին կլոր սեղան-քննարկում «Կոռուպցիոն ռիսկերը և բարեխղճության ապահովումը համատիրությունների գործունեության ոլորտում» թեմայով:

Քննարկման ընթացքում «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող/փորձագետը, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Լոռու մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ` «Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահը, Վանաձորի բնակիչ Անդրանիկ Սերգոյանը և «Լոռու մարզի համատիրությունների կենտրոն» ՀԿ նախագահը հանդես եկան ոլորտին վերաբերվող զեկույցներով, ներկայացրեցին ոլորտում առկա խնդիրները և օրենսդրական բացերը, ինչից հետո ներկաների միջև ծավալվեցին բուռն քննարկումներ:

Վանաձորի քաղաքապետարանի և համատիրությունների ներկայացուցիչները առկա խնդիրների լուծման տարբերակներ քննարկելու փոխարեն փորձում էին տարբեր փաստարկներով հակադարձել բարձրացված խնդիրներին և առկա թերությունները բացատրում էին ֆինանսական միջոցների սղությամբ, բնակիչների կողմից իրենց պարտականությունների անբարեխիղճ կատարմամբ կամ փորձում էին օրենսդրական դրույթները ներկայացնել այլ մեկնաբանմամբ:

Այդպես օրինակ Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի ներկայացուցիչը պնդում էր, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը համատիրությունների նախագահների վրա չի տարածվում և համատիրությունների նախագահները գրավոր հարցումներին պատասխանելու պարտականություն չունեն:

Համատիրությունների ներկայացուցիչները պնդում էին, որ բնակվարձերը չվճարող բնակիչներին կարգապահ դարձնելու ամենաարդյունավետ միջոցը նրանց  տեղեկատվություն (տեղեկանքներ) չտրամադրելն է` անտեսելով այն հանգամանքը, որ նշված միջոցն անօրինական է և խախտում է բնակիչների տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Միջոցառման վերջում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Լոռու մարզի ՔՀԿ-ների խմբի ներկայացուցիչները հանդես եկան հստակ դիրքորոշմամբ առ այն, որ չեն հանդուրժելու ոլորտում առկա թերությունները և արատավոր պրակտիկան և ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար դիմելու են օրենքով ընձեռնված բոլոր միջոցների: 

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ