Այսօր տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ), ուսումնասիրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից հրապարակված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, հրապարակել է իր կարծիքը դրա վերաբերյալ:
ՏՎԽ-ն, մեկնաբանելով Եվրոպական դատարանի վճիռը Փերինչեքի գործով, Տեղեկատվական վեճերի Խորհուրդը ցանկանում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ դատական ակտում վիճահարույց հրապարակային հայտարարության շարժառիթը ոչ բավարար չափով է ուսումնասիրվել ու գնահատվել դատարանի կողմից։ Անկասկած է, որ Փերինչեքն իրականացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն հրապարակավ հերքելիս։ Այդուհանդերձ, դատարանը բավարար ջանքեր չի գործադրել պարզելու համար այդ անձի իրական դրդապատճառները պատմական փաստը հերքելիս, մասնավորապես, թե արդյոք նրա նպատակն էր ճշմարտության բացահայտումը, թե ժխտողականությունը։ Նույնիսկ փաստերի մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրահավաքում իր հրապարակային խոսքը բացառապես քաղաքական բանավեճի շրջանակներում ներկայացնելը զուտ ձևական բնույթ է կրել, քանզի նրա ողջ նախկին գործունեությունը որպես քաղաքական գործիչ ունեցել է հստակ ընդգծված ռասիստական բնույթ։
Լուսանկարը՝ orer.eu-ի: Լուսանկարում՝ Դեղու Փերինչեքն է: