«Սոցիալական ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը աճում են օր օրի»

Այսօր ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղում կայացավ «Կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ոլորտում» հերթական հակակոռուպցիոն միջոցառումը, մարզի ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, իրավաբանների և իրավապաշտպանների մասնակցությամբ:

Իր ելույթում ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար Նելլի Հայրապետյանը նշեց, որ սոցիալական ոլորտում առկա  կոռուպցիոն  ռիսկերը  աճում  են օր օրի, որին պետք  է  հետևողական լինել  անվերապահորեն:  Դրա  վառ  վկայությունն  են  գրասենյակ այցելած  քաղաքացիների  բողոքները` կենսաթոշակների և աղքատության ընտանեկան  նպաստների  հետ կապված:

Մարզում  կոռուպցիոն  լուրջ  ռիսկեր են նկատվում հատկապես ԲՍՓՀ-ների  գործունեության  ոլորտում` տարեկան բուժզննումների ժամանակ, հաշմանդամության  կարգը  հաստատելու համար:

Սոցիալական  ոլորտում   առկա  կոռուպցիոն  դրսևորումների  դեմ պայքարելու  համար  մեզ  անհրաժեշտ են  քաղաքացիների անմիջական մասնակցությունը այս գործին, ինչպես նաև մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների  համագործակցությունը:

«Արժանապատիվ  սերունդ» ՀԿ-ի  նախագահ  Ժաննա Ղուլոյանը  անդրադարձավ  մարզի «Հայփոստ»-ի տարբեր ստորաբաժանումներում` աշխատակիցների կողմից կենսաթոշակներից պահվող մանրադրամին: Իր ելույթում տիկին Ղուլոյանը  նշեց, որ  արդեն հասել ենք նրան, որ ոչ թե թոշակառուն իր կամքով  է մանրադրամը թողնում համապատասխան  աշխատակցին,  այլ  վերջինիս  կողմից  թոշակի  վճարումը առանց մանրադրամի դարձել է  ընդհանուր օրինաչափություն:

«Չնայած ՀՀ  Կառավարության կողմից  կենսաթոշակային ոլորտում կատարված բարեփոխումներին, այնուամենայնիվ մարզի տարածքային կենսաթոշակային  ստորաբաժանումներում կոռուպցիոն ռիսկերը և դրսևորումները աճում են` թոշակառուների աշխատանքային ստաժի  հաշվարկման հետ  կապված»,  նշեց  «Ռուսական  համայնք» ՀԿ-ի նախագահ Սիրանույշ Մանուկյանը և հավելեց. «Կարծում եմ երևույթին նպաստում է  նաև մարզի բնակչության իրավական իրազեկության  ցածր  մակարդակը»:

Այնուհետ բուռն քննարկումներին հաջորդեցին հարց-պատասխանները` մասնակիցների  կողմից: Զեկույցով հանդես եկավ նաև ՔՀԿ-ների  հակակոռուպցիոն  կոալիցիայի Գեղարքունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ, Գավառի «Բիզնես կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ  Շահզադյանը: Նա ներկայացրեց հասարակական վերահսկողությունը այս  ոլորտում, նշելով,  որ  այն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է քաղաքացիների քաղաքացիական կամքի ևանհանդուրժողականության դրսևորումը` այս «չարորակ» երևույթի դեմ:

Նելլի Հայրապետյանը հասարակական վերահսկողության հետ կապված հավելեց, որ այս գործում իրենց կարող  են միանալ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ Գեղարքունիքի մարզի մյուս ՔՀԿ-ները` մոնիտորինգներ, մշտադիտարկումներ, լրագրողական հետաքննություններ  անցկացնելու  միջոցով:

Վերջում  մասնակիցները  գոհունակություն  հայտնեցին  միջոցառման  կազմակերպիչներից,  հուսալով որ  նմանատիպ   միջոցառումները  Գավառում կլինեն  շարունակական:

Հակակոռուպցիոն միջոցառումը կազմակերպվել էր ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ Գեղարքունիքի մարզի ՔՀԿ-ների կողմից` Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ