Այսօր Ազգային ժողովին կառավարությունը ներկայացրեց 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսեների նախարար Գագիկ Խաչատրյանին հարց ուղղվեց, թե ինչու է հաջորդ տարվա բյուջեով տնտեսական աճի ցուցանիշը համեստ՝ ընդամենը՝ 2.2 տոկոս, թեև ՀՀԿ-ն նախընտրական քարոզարշավի ժամանակ 7 տոկոս էր խոստանում:
«Նախ՝ պետք է նայել, թե խոստումները երբ են տրվել, որովհետև աշխարհում շատ արագ են փոխվում տնտեսական իրողություններն ու զարգացումները: Եվ աշխարհում ու տարածաշրջանում ընթացող զարգացումները թույլ են տալիս ասել, որ տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր հնարավոր չէ ակնկալել»,- պատասխանեց Գ. Խաչատրյանը, ինչ վերաբերում է 2.2 ցուցանիշին, ապա նախարարի խոսքով, Հայաստանի կառավարությունը ընտրել է միջինացված ցուցանիշ և հետագա զարգացումները ցույց կտան, թե աճի ինչ տեմպ կունենանք:
Հարց տրվեց նաև այն մասին, թե արդյո՞ք կոռուպցիան չի խոչընդոտում Հայաստանում կատարվող ներդրումներին. «Այո, նաև խոչընդոտ է կոռուպցիան, բայց դրա դեմ պայքարի գործում, թեկուզ չնչին, բայց կան փոփոխություններ: Մենք անընդհատ մոնիտորինգի տակ ենք պահում մեր ոլորտը՝ տեսնելու, թե ինչ աստիճանից ինչ աստիճանի ենք հասել, և որպեսզի ամեն ինչ կախված լինի ոչ թե անձերից, այլ համակարգից ու մեխանիզմներից»,- նախարարի խոսքով, ներդրումներին խոչընդոտում են ոչ միայն կոռուպցիան, նաև այլ գործոններ, օրինակ այն, որ ՀՀ-ն պատերազմող երկիր է: