Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ դատական համակարգում. մանրամասնում են դատական կրթության ոլորտի առաջատար փորձագետները 

Միայն էթիկական մոտեցումներին հավատարմորեն  հետևելու և մասնագիտական զարգացման միջոցով կարելի է պայքարել դատական ոլորտի կոռուպցիայի դեմ: Վստահ է ԱՄՆ դաշնային դատական կենտրոնի միջազգային դատական կապերի տնօրեն Միրա Գուր-Արիանը:

«Պետք է օգնել երիտասարդ դատավորներին մասնագիտական ինքնուրույնություն ձեռք բերելու հարցում: Այդ կերպ հնարավոր կլինի նվազեցնել դատական ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերը. խոսքը  վերաբերում է և՛ դատավորներին, և՛ դատախազներին, և՛ իրավաբաններին»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց նա:

Տիկին Գուր-Արիանը մասնակցում էր Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցած երկօրյա ծրագրին: Նրա հետ Հայաստան էր եկել նաև ԱՄՆ դաշնային դատական կենտրոնի կրթական հարցերով ավագ մասնագետ Ջեյմս Բուքենանին:

Ողջունելով հյուրերին`  Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ իրականացվող ծրագրի շնորհիվ ակադեմիայի դասախոսները ավելի կհմտանան պրոֆեսիոնալ իրավաբաններ վերապատրաստելու գործում:

Երկօրյա ծրագրին մասնակցում էին ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչներ, դատավորներ, քննիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Փաստաբանների դպրոցից:

Դասընթացի շրջանակում մասնակիցները փորձագետների հետ միասին տեսական նյութի և գործնական օրինակների հիման վրա ուսուցման ժամանակակից հնարքներ էին կիրառում, ցուցադրություններ կազմակերպում, մեծ ու փոքր խմբերով քննարկումներ անցկացնում:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Միրա Գուր-Արիան խոսեց նաև «մանկավարժական կարողությունների զարգացում. դատավորների ուսուցման տեխնիկան և արվեստը» թեմայով ծրագրի մասին:

Նա համեմատականներ անցկացրեց հայաստանյան և ամերիկյան դատական համակարգերի միջև` ընդգծելով, որ դրանք բավական տարբեր են միմյանցից, սակայն կրթական առումով որոշ չափով նմանություն ունեն. երկուսն էլ ձգտում են գերազանցության:

Արդարադատության ակադեմիայի առաջնահերթություններից է հեռաուսուցումը, որի իրականացման համար ակադեմիան մշակել է հեռաուսուցման փաթեթ:

Ծանոթանալով կատարված աշխատանքին` Միրա Գուր-Արիան և Ջեյմս Բուքենանը բարձր գնահատեցին այն` ընդգծելով, որ հեռաուսուցման նյութերը մշակվել են որակյալ և առաջադիմական մեթոդների կիրառմամբ:

Բարձրաձայնելով ծրագրի հաջողված և արդյունավետ լինելու մասին, որպես ամփոփում, Ջեյմս Բուքենան նշեց` «սա դեռ սկզբի ավարտն է»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ