Ինչպե՞ս խթանել կանանց  մասնակցությունը օրենսդիր մարմնում. օրենսդրական առաջարկները քննարկման են դրվել ավելի քան մեկ ամիս առաջ

Ինչպե՞ս խթանել կանանց  մասնակցությունը օրենսդիր մարմնում. կուսակցությունների նախընտրական ցուցականներում կանայք պետք է 20 տոկոս մասնակցություն ունենան, սակայն հետագայում ցուցակներում ներառված կանայք ինքնաբացարկ են հայտնում կամ հետագայում այլ աշխատանքի անցնում, և պատգամավորի թափուր պաշտոնները զբաղեցնում են տղամարդիկ: Թերևս ամենավառ և թարմ օրինակներից մեկը հենց այն է, որ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելուց հետո նրա թաուր պաշտոնում նշանակվեց Կարեն Բեքարյանը:

Ահա նման գործընթացների հետևանքով էլ ներկայումս Ազգային ժողովում կանանց մասնակցությունը ոչ միայն 20 տոկոս չի կազմում, այլ չի հատում 10 տոկոսի շեմը:

Շուրջ մեկ ամիս առաջ սեպտեմբերի 17-ին, Իրավաբան.net կայքում հրապարկվել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (CEDAW) Հայաստանում կիրառման, այդ թվում, ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թվականին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցի նախագիծը:

Զեկույցում ներկայացված են կանանց իրավունքներին առնչվող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

Իսկ Ազգային ժողովում կանանց մասնակցությունը բարձրացնելու վերաբերյալ զեկույցում առաջարկվում են հետևյալ օրենսդրական փոփոխությունները.

  1. «Ինչպես նշվեց, օրենսդիր իշխանությունում կանանց մասնակցությունն ապահովող քվոտաները միայն ապահովում են կանանց մասնակցության այդ նվազագույն շեմը: Հետևաբար, հարկ է բարձրացնել շեմը` մինչև 30 կամ 40 տոկոս:
  2. Բացի այդ, ինչպես նշվեց ներկայիս կարգավորումը հնարավորություն է տալիս կանանց չընդգրկել ցուցակների առաջին հնգյակներում: Հետևաբար, անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում և հնարավոր կարգավորումը հետևյալ տեսքը կունենա: ՀՀ ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (1-5,1-10, 1-15 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը:
  3. Անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել, որպեսզի ոչ թե քվոտան նախատեսվի ցուցակների համար միայն, այլև հենց ԱԺ տեղերի համար:
  4. Օրենսդրորեն նախատեսել, որպեսզի կին պատգամավորների ինքնաբացարկների կամ այլ պաշտոնների անցնելու դեպքում վերջիններիս փոխարեն կարողանան ընդգրկվել կրկին միայն կին պատգամավորներ:
  5. Նաև անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել քվոտա ԱԺ ղեկավար պաշտոններում կանանց առնվազն 20 կամ 30 տոկոս ապահովելու համար:
  6. Նաև անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որպեսզի կանայք հնարավորություն ունենան առաջադրվել նաև մեծամասնական համակարգով, խրախուսվեն կանանց մասնակցությամբ գրանցված հաջողված փորձից»:

Ի դեպ, այսօր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ շրջանառության մեջ է դրել նոր օրինագիծ՝ ուղղված օրենսդիր մարմնում կանանց մասնակցության բարձրացմանը: Պատգամավորի առաջարկությունները համընկնում են զեկույցի վերոնշյալ հատվածի 3-րդ և 4-րդ առաջարկությունների հետ: Իհարկե, այս ոլորտում ՀԵԻԱ-ի մշակած առաջարկությունների մի մասը օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնելը ողջունելի է, սակայն առաջարկությունների համալիր կատարման դեպքում միայն կարող է արդյունք լինել: ՀԵԻԱ-ի կողմից մշակած առաջարկությունների համալիր փաթեթը մոտակա օրերին ՀԵԻԱ-ն կներկայացնի կառավարություն և ԱԺ շահագրգիռ խմբակցություններին ու պատգամավորներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել