Դատախազության համակարգչային տեխնիկան և գրասենյակային գույքը վերջին 7 տարիների ընթացքում գրեթե չի նորացվել: Այս մասին նշվում է կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծում, զեկուցողը Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էր:
Ըստ նախագծի` դատախազությունում կա 337 դատախազի հաստիք, նրանցից յուրաքանչուրին անհրաժեշտ է ապահովել համակարգչով, բացի դրանից աշխատակազմի համակարգիչները հին են և ներդրվող համակարգչային ծրագրերի պահանջներին չեն բավարարում: Համապատասխան համակարգչային տեխնիկայով ոչ լիարժեք հագեցվածությունը հնարավորություն չի ընձեռում ներդրված վերոգրյալ ծրագրերի լիակատար սպասարկումը դատախազության ստորաբաժանումներին: ՀՀ դատախազությունում 2014 թվականի ընթացքում կատարված գույքագրման արդյունքում օգտագործման համար արդեն ոչ պիտանի բավականին գրասենյակային գույք ներկայացվել է դուրսգրման, որոնց փոխարեն անհրաժեշտ է համակարգը համալրել համապատասխան գրասենյակային գույքով:
Ուստի Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում Mulberry համակարգի շահագործումն ապահովելու նպատակով համակարգչային տեխնիկա ձեռքբերելու, ինչպես նաև դատախազության համակարգի գույքը համալրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության դատախազությանը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականաին հատկացնել 39 մլն դրամ 82 հազար ԱՄՆ դոլար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման« վարչական սարքավորումներ» հոդվածով):
Իրավաբան.net