Օֆշորի գործով Փայլակ Հայրապետյանը 8.5 միլիարդ դրամի փոխահատուցման հայց կներկայացնի

Սկանդալային օֆշորի գործով այսօր շարունակվեց վկաների հարցաքննության փուլը:  Դատարան էր ներկայացել վկա Նելլի Հարութունյանը, ով  2007 թվականից «Ջի սի Էյ»  ոսկերչական ընկերության տնօրենն է:

Հարցաքննության ընթացքում հայտնեց, որ ինքը  Աշոտ Սուքիասյանին տեսել է ընդամենը մեկ անգամ՝  Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպած հանդիպան ժամանակ. «Էկոնոմիկայի նախարարությունը իմ էլեկտրոնային հասցեին մասնակցության հրավեր էր ուղարկել` ադամանդի հումքի մշակման տարբեր խնդիրներ քննարկելու վերաբերյալ: Եթե չեմ սխալվում, դա  եղել է 2006 թվականին: Այդ հանդիպան ժամանակ եմ տեսել Աշոտ Սուքիասյանին, մինչ այդ նրան չեմ ճանաչել, միայն լսել եմ, որ բիզնեսմեն է,  բարեկամական կամ թշնամական հարաբերություններ չեմ ունեցել»:

Վկայի խոսքով, այդ հանդիպման ժամանակ մասնակցել են մոտ 10-15 ոսկերչական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը բացել է Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, որը խոսքը փոխանցել է Աշոտ Սուքիասյանին և նա էլ  ներկաներին ադամանդի հումք է առաջարկել` 50 տոկոս էժան շուկայական գնից. «Նա ասաց, որ Աֆրիկայից  ադամանդի հումք կարող է բերել՝ մատչելի գներով: Նրա խոսքից ենթադրվում էր, որ հանքը իրեն է պատկանում: Ներդրումների մասին խոսք չի գնացել, իսկ մեր եզրահանգումը եղավ այն, որ մինչև  հումքը չտեսնենք  մեր աչքով, չենք գնի»:

Նիստը նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանի այն հարցին, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդպանը ներկա գտնվե՞լ է, վկան պատասխանեց՝ ոչ: Նա նաև հավելեց, որ այդ հանդիպման ընթացքում չի տեսել Փայլակ Հայրապետյանին. «Եթե Փայլակ Հայրապետյանը ներկա եղած լիներ հանդիպանը, գոնե կմտաբերեի»:

Ըստ վկա Նելլի Հարութունյանի ցուցմունքի՝ ինքը այլևս չի հետաքրրքվել`  արդյո՞ք  հումքից նմուշ բերվել է Հայաստան, թե՝ ոչ, քանի որ այլևս նրան հանդիպան առաջարկներ չեն արվել:

Դատարանը վկա Նելլի Հարութունյանի ցուցմունքում որոշակի հակասություններ տեսնելով` հրապարակեց նախաքննության ընթացքում տրված  ցուցմունքը: Նախաքննության ժամանակ նա ասել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպումը կազմակերպվել է 2009 թվականին, նշել էր նաև հանդիպանը ներկա ներկայացուցիչների անուները, որոնք դատարանում չներկայացրեց: Այս հակասությունը նա բացատրեց հիշողության հետ, քանի որ երկար ժամանակ է անցել:

Վկա 70-ամյա ԱՄՆ քաղաքացի Արփիկ Բալյանի մասով դատարանը որոշեց ծանուցում ուղարկել նրա աշխատանքի վայր` Ամերիկյան համալսարանի ղեկավարությանը, որպեսզի նրան իրազեկեն, իսկ հաջորդ նիստին ևս չներկայանալու դեպքում` բերման ենթարկելու որոշում կայացնել: Կողմերը համաձայնեցին  դատարանի որոշման հետ:

Տուժողի ներկայացուցիչ Ինգա Ավագյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի քրեական գործի շրջանակներում  Աշոտ Սուքիասյանի նկատմամբ  հարուցվի նաև քաղաքացիական հայց` մասնավորապես նրա գույքի, հարազատների` կնոջ և երեխաների ունեցվածքի վրա կալանք դրվի և հօգուտ Փայլակ  Հայրապետյանի բռնագանձվի 8 միլիարդ 560 միլիոն դրամ գումար:

Նմանատիպ հայցեր ներկայացրեցին նաև գործով տուժող այլ ներկայացուցիչներ: Դատարանը  պաշտպանական կողմին ժամանակ տրամադրեց, որպեսզի ծանոթանա հայցերին և հանդես գա պատասխանով:

Լ. Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել