Կառավարությունը ՀՔԾ-ին այսօր 16.5 միլիոն դրամ չհատկացրեց

Երեկ տեղեկացրել էինք, որ կառավարության հերթական նիստին քննարկման է դրվել Հատուկ քննչական ծառայությանը դրամական միջոցներ հատկացնելու հարցը: Նախագիծը պետք է ներկայացներ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նշվում էր, որ կառավարության պահուստային ֆոնդից ՀՔԾ-ին հարկավոր է հատակացվի 16 միլիոն 537 հազար 600 դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով:

«Ստեղծված իրավիճակում Ծառայության քննիչները ստիպված են աշխատել նվազագույնը շաբաթական 6 օր` առավոտյան ժամը 9:00-ից մինչև երեկոյան 21:00 և ավել: Քննչական աշխատանքների արդյունավետությունն ապահովելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ժամկետները չխախտելու համար Ծառայության քննիչները աշխատանքի են ներկայանում նույնիսկ  տոն օրերին: Վերը քննարկված արտաժամյա աշխատանքի համար Ծառայության քննիչները լրացուցիչ չեն վարձատրվում: Ուստի 7 հաստիքային միավորով ավելացումը հնարավորություն կտա իջեցնել մյուս քննիչների ծանրաբեռնվածությունը և բավարար պայմաններ ստեղծել ծատայության բնականոն աշխատանք ապահովելու համար»,- ասվում էր նախագծում:

Կառավարության այսօրվա նիստից առաջ այս հարցը հանվել է: Հավելենք նաև, որ հերթական նիստին ներկա չէր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, նրա փոխարեն եկել էր տեղակալներից Վլադիմիր Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ