16.5 միլիոն դրամ ՀՔԾ-ին՝ քննիչների թիվն ավելացնելու համար

Կառավարության վաղվա օրակարագային հարցերից մեկը վերաբերում է Հատուկ քննչական ծառայությանը դրամական միջոցներ հատկացնելուն: Զեկուցող Գագիկ Խաչատրյանը ներկայացնելու է որոշման նախագիծ, համաձայն որի,  կառավարության պահուստային ֆոնդից Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) պետք է հատակացվի 16 միլիոն 537 հազար 600 դրամ՝  բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով:

Առաջարկության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՔԾ քննչական գործունեության ծանրաբեռնվածություն պատճառով անհրաժեշտություն է առաջանում  հաստիքների ավելացման, որն ուղղված պետք է լինի քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն, որը միարժեքորեն կնպաստի առկա լարվածության  նվազեցմանը, հետևաբար նաև քննության որակի բարձրացմանը, ինչպես նաև կբացառի ծանրաբեռնվածության պատճառով Ծառայության որակյալ կադրերի հնարավոր հեռանալը: Կատարված վերլուծության և հաշվարկի արդյունքում պարզվել է, որ Ծառայության հաստիքակազմը անհրաժեշտ է ավելացնել ևս 7 հատուկ կարևորագույն գործերով (ՀԿԳ) ավագ քննիչների հաստիքներով:

Որոշման նախագծի հիմնավորում մասում ներկայացված են նաև քննիչների ծանարբեռնվածության աճի վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Մասնավորապես,  2015 թ-ին ՀՔԾ քննիչների ծանրաբեռնվածությունը 2012-2013թթ. համեմատությամբ ավելացել է գրեթե չորս անգամ: Այսինքն, 2015թ. առաջին վեց ամիսների ընթացքում ՀՔԾ քննիչների կողմից քննվել է նույնքան քրեական գործ, որքան 2012-2013թթ. ընթացքում միասին վերցրած: Ուշագրավ է նաև, որ 2014թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում քննված գործերի համեմատ 2015թ-ի նույն ժամանակահատվածում քննված գործերի քանակն աճել է 76.7 տոկոսով: 2015թ-ի առաջին  կիսամյակի ընթացքում նախապատրաստվել են 203 քրեական գործերի նյութեր, քննարկվել և ընթացք է տրվել 800 դիմումների:

«Ստեղծված իրավիճակում Ծառայության քննիչները ստիպված են աշխատել նվազագույնը շաբաթական 6 օր` առավոտյան ժամը 9:00-ից մինչև երեկոյան 21:00 և ավել: Քննչական աշխատանքների արդյունավետությունն ապահովելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ժամկետները չխախտելու համար Ծառայության քննիչները աշխատանքի են ներկայանում նույնիսկ  տոն օրերին: Վերը քննարկված արտաժամյա աշխատանքի համար Ծառայության քննիչները լրացուցիչ չեն վարձատրվում: Ուստի 7 հաստիքային միավորով ավելացումը հնարավորություն կտա իջեցնել մյուս քննիչների ծանրաբեռնվածությունը և բավարար պայմաններ ստեղծել ծատայության բնականոն աշխատանք ապահովելու համար»,- նշված է որոշման նախագծում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ