ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:
Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
Պայմանագիրը կնքվում է կողմերից մեկի օֆերտան (պայմանագիր կնքելու առաջարկը) ուղարկելու և մյուս կողմի դրա ակցեպտի (առաջարկը ընդունելու) միջոցով:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի համաձայն Պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած անձի կողմից դրա ակցեպտն ստանալու պահից:
Եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից:
Այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:
Իսկ 450-րդ հոդվածի համաձայն
Պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:
Եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևը օրենքով չի պահանջվում:
Պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է պայմանագրի կողմից: