Գոյություն ունի 2 հիմք, որի դեպքում կենսաթոշակառուն իր կենսաթոշակը ստանում է ոչ ամբողջությամբ, և այդ մասին նշվում է ՀՀ կառավարության № 665-Ն որոշման 90-րդ կետում:
Կենսաթոշակից պահումներ են կատարվում՝
1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշմամբ, եթե`
ա. կենսաթոշակառուն ներկայացրել է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր կամ տեղեկություն չի ներկայացրել իր ընտանիքի անդամների թվի փոփոխության մասին, կամ չի տեղեկացրել այն հանգամանքների մասին որոնց առկայությունը կարող էր հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն,
բ. սխալմամբ (օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին վճարվել են ավելի գումարներ.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակից պահումներ կատարելու մասին որոշում է ընդունում, եթե ավելի վճարված գումարի չափը չի գերազանցում որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, և առկա է կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը: Եթե ավելի վճարված գումարի չափը գերազանցում է որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, կամ առկա չէ կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը, ապա պահումները կատարվում են դատական կարգով:
Կենսաթոշակից պահումներ կատարելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմում է պահումներ կատարելու կարգադրություն և կարում կենսաթոշակի գործին: Պահումներ կատարելու կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:
Կենսաթոշակից կատարված (հաշվարկված) պահումների գումարը պահանջատիրոջն է փոխանցվում տվյալ ամսվա կենսաթոշակի` կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուին վճարելուց հետո:
Հաշմանդամության կենսաթոշակից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակից կատարողական թերթով պահումներ կատարվել չեն կարող:
Հավելենք նաև, որ ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հ.-ի 3-րդ մասի`կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը: