«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի համաձայն` ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե`
1) այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ
2) հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։
Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։
Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին։
Վերոնշյալ սահմանված հավաքի դադարեցման կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հավաքի անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում։