Կոռուպցիոն ռիսկերը Գեղարքունիքի բուժհաստատություններում. մոնիտորինգի արդյունքները շուտով կհրապարակվեն  

Կոռուպցիոն ռիսկերը ներհիվանդանոցային դեղաշրջանառության տարբեր օղակներում ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մի շարք քաղաքների ստացիոնար բուժհաստատություններում, որպեսզի հայտնաբերվի ոլորտում առկա խնդիրները` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նախ ներկայացրեց ծրագրի բուն էությունը՝ նշելով, որ ծրագիրը պետք է տևեր 4 ամիս, սակայն պայմանագրով նրանք մեկ ամիս երկարացրել են այն, քանի որ մարզպետարանում կադրային փոփոխություններ էին տեղի ունեցել, որոնք ազդել էի առողջապահության ոլորտի վրա:

«Մենք մի փոքր խնդիր ունեինք բուժհաստատություններ մտնելու հետ կապված, ուստի բանակցությունները երկարեցին մինչև մարզպետարանը թույլ տվեց, որ մենք մտնենք բուժհաստատություններ»,- իր խոսքում նշեց Սաթիկ Բադեյանը:

Ծրագիրը գտնվում է 5-րդ` վերջին ամսում, այսինքն մի քանի օրից զեկույցը կհրապարակվի և մոնիտորինգի արդյունքները կուղարկվեն Առողջապահության նախարարություն:

«Մենք այսօր գրություն ենք ուղարկել Առողջապահության նախարարություն, որ հնարավորություն տան մեզ իրենց մոտ ներկայացնելու ծրագրի արդյունքները»,- հավելեց տիկին Բադեյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք մոնիթորինգը դրական փոփոխություններ է արձանագրել, նա նշեց, որ այս կարգի կարճաժամկետ մոնիթորինգները միայն բացահայտում են և հնարավորություն են տալիս համակարգում առկա խնդիրները վերացնելով` նպաստել կոռուպցիոն դրսևորումների նվազմանը:

«Մենք վեր ենք հանել այնպիսի խնդիրներ որոնք Հանրապետության  առողջապահական ոլորտում առկա են, այսինքն մեր նպատակն էր մարզային խնդիրները վեր հանելով, նպաստել ոլորտում առկա  կոռուպցիոն ռիսկերի նվազմանը»,- իր խոսքը եզրափակեց Սաթիկ Բադեյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ:

Ա. Սիրադեղյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ