Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել դրոշմապիտակ

«Հսկիչ նշանների դրոշմապիտակների միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը սահմանում է դրոշմապիտակների ձեռքբերման կարգը:

Այսպես, համաձայն օրենքի 6-րդ հոդվածի՝ դրոշմապիտակները տրամադրում է լիազոր մարմինը` դրոշմապիտակի ձեռքբերման հայտի հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետությունում կրիչներ արտադրող և Հայաստանի Հանրապետություն կրիչներ ներմուծող անձինք լիազոր մարմին են ներկայացնում`
ա.դրոշմապիտակների ձեռքբերման հայտը.
բ. դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.
գ. հաշվետվություն` նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին (բացառությամբ առաջին անգամ դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքի).
դ. կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր), որի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա կրիչների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված կրիչները «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետություն կրիչներ ներմուծող անձանց դրոշմապիտակները տրամադրվում են 90 oր ժամկետով` օտարերկրյա պայմանադիր կողմին ուղարկելու (ժամանակավոր արտահանելու) և դրանցով կրիչները դրոշմավորելու համար: Լիազոր մարմինը մինչև 90-oրյա ժամկետի ավարտն oտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ներմուծողի դիմումի հիման վրա երկարաձգում է դրոշմապիտակների տրամադրման ժամկետը` դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 oրով:

Հայաստանի Հանրապետությունում կրիչներ արտադրող անձանց դրոշմապիտակները տրամադրվում են 180 օր ժամկետով` առանց երկարաձգման իրավունքի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել