Հակակոռուպցիոն խորհուրդը պետք է ունենա պատժիչ ֆունկցիա. փաստաբան

Հակակոռուպցիոն խորհրդի անկախությունը պետք է ապահովվի նախ և առաջ դրա անդամների անկախությամբ: Համոզված է ՀԵԻԱ-ի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը:

«Պետք է իրականում ձևավորվեն անկախ սուբյեկտներից: Եթե այն միտված է կոռուպցիոն ռիսկերը պետական պաշտոնյաների գործունեության ոլորտում վերահսկելու գործընթացին, ապա չպետք է մեծամասամբ բաղկացած լինի պետական պաշտոնյաներից: Այլ պետք է անդամները լինեն այնպիսի մարդիկ, ովքեր որևէ կախվածություն չունեն պետական պաշտոններից՝ իրենց իսկ սեփական պաշտոնից և ինչ-ինչ այլ հանգամանքներից»,- նշեց տիկին Եղիկյանը:

Հետևելով խորհրդի գործունեության վերաբերյալ լրահոսին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիրքորոշման արտահայտմանը՝ փաստաբանը համոզվել է, որ ՔՀԿ-ների որևէ առաջարկ հաշվի չի առնվել. «Թե ինչ կլինի հետագայում, ցույց կտա փորձը: Եթե պետությունը ցանկանում է կայացնել քաղհասարակության ինստիտուտը, ապա պետք է այս ինստիտուտի ներկայացվածությանը նմանատիպ խորհրդներում ավելին լիներ, քան երկու հոգին»,- շեշտե մեր զրուցակիցը:
Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ խորհուրդը պարզապես խորհրդատվական գործառույթ է իրականացնելու, ապա փաստաբանն ասաց. «Խորհրդատվությունը մինչև հիմա էլ համապատասխան գործող մարմինները կամ ՀԿ-ները տալիս էին՝ իրենց զեկույցներում վեր հանելով բազմաթիվ խնդիրներ ու առաջարկելով լուծումներ: Ամեն դեպքում նման խորհուրդը պետք է ինչ-որ տեղ ունենա պատժիչ ֆունկցիա: Եթե տեսնում է կոռուպցիոն ռիսկեր, իրավունք ունենա հարուցելու համապատասխան վարույթներ և նաև պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր որ գնում են կոռուպցիոն ռիսկերի և համապատասխան արարքներ են իրականացնում»,- եզրահանգեց մեր տիկին Եղիկյանը:

Իրավաբան.net

Վերլուծություններ

Իրադարձություններ