Նորություններ

Իրավաբանի մասնագիտությունը նաև պարտավորեցնում է բարոյական առումով. Գրիգոր Մինասյան

Մեզ տվեք Ձե՛ր խնդիրները. ահա այն կարգախոսը, որով առաջնորդվում է AM իրավաբանական գրասենյակը: Ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը կարծում է, որ այն տարբերվում է դաշտում գործող այլ ընկերություններից՝ ծառայություններ  մատուցելով իրավունքի բոլոր ճյուղերով:

Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի հաջորդ զրուցակիցը «AM» իրավաբանական գրասենյակի կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանն է:

Ինչո՞ւ եք որոշել ընկերությունն անվանել հենց  AM:

-Փորձեցինք այնպիսի անվանում ընտրել, որն առաջին հերթին կասոցացվի հենց Հայաստանի հետ: Իսկ AM-ը Հայաստանի պաշտոնական անվանումն է կրճատ:

Ձեր ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին: Կարելի է ասել  կարճ ժամանակ է, իսկ գործող իրավաբանական ընկերությունները բավական շատ են: Ի՞նչպես եք փորձում տարբերվել դաշտում գործող մյուս ընկերություններից:

-Նախ կցանկանայի նշել, որ AM-ը որպես առանձին ընկերություն է գործում 2012 թվականից: Իրականում այն երկու իրավաբանական թիմերի՝ «Լեքս Փարթներս» և «Դիֆենս» իրավաբական ընկերությունների միավորումն է, որոնք այս ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան տասը տարի: Մեր առանձնահատկությունը թերևս այն է, որ ծառայությունները մատուցում ենք իրավունքի բոլոր ճյուղերով: 2013 թվականից արդեն սկսել ենք ծառայություն մատուցել նաև հաշվապահության ոլորտում: Մեր հաճախորդները դիմում են մեզ, քանի որ մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի առաջացած խնդիրն ամբողջական լուծում ստանա:

-Ինչպե՞ս առաջացավ այդ երկու թիմերը միավորելու գաղափարը:

-Համաշխարհային պրակտիկայում հաճախ են լինում միավորումներ, որի արդյունքում մատուցված ծառայությունների որակն էապես լավանում է: Մեր պարագայում ևս: Այս միավորումն օգնեց բարձրացնել մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը և ունենալ առավել մասնագիտացված աշխատակազմ: Միավորումն ինչ-որ առումով նաև մեր հաճախորդների ցանկությունն էր:

-Ձեր կայքից կարելի է ենթադրել, որ բավական մեծ թիմ ունեք: Ինչպե՞ս եք ընտրում Ձեր աշխատակիցներին: Ի՞նչ հիմնական չափանիշներ կան, որոնք պարտադիր են AM իրավաբանական ընկերությունում աշխատելու համար:

-Կադրերն ընտրում ենք բավական երկար աշխատանքային կանոնակարգով հաստատված մեխանիզմներով: Այսինքն՝ այդ ֆիլտրացիան բավական ծանր է անցնում: Ընտրելիս առաջինն ուշադրություն ենք դարձնում մասնագիտացվածության բարձր մակարդակին և նաև, թե ինչպե՞ս է տվյալ անձը սովորել կրթական բարձրագույն ուսումնական հաստատությունում: Այդ ամենից հետո, անցնելով փորձաշրջան, գնահատվում է իր վերադասի կողմից: Ունենք նաև համապատասխան խորհուրդ, որտեղ ներգրավված են մեր գլխավոր իրավախորհրդատուները: Հենց նրանք էլ քվեարկության միջոցով կայացնում են որոշում, թե տվյալ աշխատակիցն արդյո՞ք համապատասխանում է ընկերության պահանջներին, թե՝ ոչ:

-Իսկ ինչպե՞ս եք իրականացնում աշխատակիցների վերապատրաստումը:

-Նոր աշխատողների մոտ վերապատրաստումն անցնում է փորձաշրջանի ձևով: Հին աշխատողների պարագայում փորձում ենք աշխատանքն այնպես կազմակերպել, որպեսզի կարողանան այցելել եվրոպական երկրներում գտնվող մեր գործընկեր կազմակերպություններ և ծանոթանալ այնտեղի պրակտիկ աշխատանքին:

-Ընկերությունն առանձնացնում է ծառայությունների մատուցման երկու տեսակ՝  կոորպորատիվ առաջարկ և բիզնես խորհրդատվություն: Մի փոքր մանրամասնեք դրանցից յուրաքանչյուրը:

-Կոորպորատիվ առաջարկն այն է, երբ ընկերությունը, դիմելով մեզ, կարող է ամբողջովին իրավաբանական ոլորտը վստահել մեր ընկերությանը: Այսինքն՝ չունենալով  իրավաբանի աշխատանքային հաստիք՝ մեր ընկերության միջոցով կարող է իրականացնել այն բոլոր  գործառույթները, որոնք կապված են իրավունքի հետ:

Բիզնես խորհրդատվությունը մենք ներմուծել ենք  2013 թվականից: Ընկերությունը, որն ունի աշխատակարգային խնդիրներ, այսինքն՝ հաճախորդ ընդունելուց սկսած մինչև սպասարկման ծառայություններ, դիմում են մեզ իրենց խնդիրները հասկանալու, գնահատելու, խորհրդատվություն տրամադրելու համար: Մենք առաջարկում ենք այն լավագույն մոդելը, որը  բարձրացնում է և՛ ընկերության շահութաբերությունը, և՛ ծառայությունների որակը:

-Դուք իրականացնում եք նաև Pro Bono աշխատանքներ: Ինչպե՞ս այն կազմակերպում:

Pro Bono-ն հասարակական հիմունքներով տարվող աշխատանքներն են: Ընկերության խորհրդի կողմից ամսեկան կտրվածքով անվճարունակ քաղաքացիների համար որոշակի քանակի գործեր են ընտրվում և մատուցվում անվճար իրավաբանական ծառայություններ: Խորհուրդը մոտ տասը գործից ընտրում է այն  ֆիզիկական անձանց գործերը, որոնցով պետք է անվճար օգնություն ցուցաբերել: Կարծում եմ իրավաբանի մասնագիտությունը նաև պարտավորեցնում է  բարոյական առումով: Մարդիկ դիմելով մեզ, պետք է իմանան, որ միայն վճարելով չէ, որ կարող են ստանալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն:

-Ունե՞ք համագործակցություն արտասահմանյան իրավաբանական ընկերությունների հետ:

-Արտասահմանյան ընկերությունները և՛ Ռուսաստանում, և՛ եվրոպական երկրներում բավական շատ են, որոնց հետ համագործակցում ենք: Համագործակցում ենք նաև ամերիկյան հայտնի «Բեյքեր ընդ ՄաքՔենզի» ընկերության հետ, որն այսօր առաջատար է իրավաբանական ծառայություններ մատուցելու տեսանկյունից:

-Ըստ Ձեզ՝ որո՞նք են փաստաբանության զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում

-Խոչընդոտները բավական օբյեկտիվ են: Մարդիկ սովոր են դիմել փաստաբանի, այլ ոչ թե ընկերության: Եվ հենց առաջին խնդիրը դա է: Սակայն ժամանակի ընթացքում փոփոխությունները նկատելի են: Աստիճանաբար մարդիկ հասկանում են, որ առավել շահավետ է ու գրագետ դիմել ընկերության և ստանալ ավելի պրոֆեսիոնալ ծառայություն: Կարծում եմ առաջացած խնդիրները կլուծվեն, եթե ընկերությունները փորձեն բարձրացնել իրենց վարկանիշը ՝ մատուցելով բարձրորակ իրավաբանական ծառայություններ:

-Աշխատանքի ընթացքում հաջողության ի՞նչ պատմություններ եք ունեցել:

-Մեզ համար առավել հաջողված են այն պատմությունները, երբ հաճախորդը մեկ անգամ մեզ դիմելուց հետո կրկին դիմում են կամ խորհուրդ են տալիս նաև իրենց հարազատներին կամ ընկերներին օգտվել մեր ծառայություններից: Հաճելի է նաև այն, երբ հաճախորդները դիմում են մեզ ոչ թե այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկորին է հասել և կա լուրջ խնդիր, այլ այն դեպքերում, երբ մեր աշխատանքները կանխարգելիչ բնույթ են կրելու: Այսինքն՝ օգնում ենք, որ խնդիր չծագի:

-Ի՞նչ անելիքներ ունի ընկերությունն ապագայում:

-Առնվազն պահենք այն, ինչին հասել ենք: 2015-ին ցանկանում ենք գրասենյակ հիմնել մարզում: Նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում՝ հասկանալու համար, թե որն է այն մարզը, որն ավելի շատ մեր կարիքն ունի:  Նպատակ ունենք նաև  ընդլայնելու մեր արտասահմանյան գործընկերների շրջանակը: Փորձելու ենք բարձրացնել Հայաստանի վարկանիշը մեր պրոֆեսիոնալ գործունեությամբ, որպեսզի Հայաստանի անունն ասոցացվի  նաև որակյալ իրավաբանական ծառայություններ մատուցող երկրի հետ:

Ընկերությունը գրեթե մեկ ամիս է փաստաբանի թափուր հաստիք ունի: Մեր զրուցակիցը զարմանքով է նշում, որ ստացված դիմումները բավական քիչ են. «Զարմանում ենք, թե ինչո՞ւ են փաստաբանի լիցենզիա ունեցող անձինք նախընտրում աշխատել միայնակ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն ծառայությունները, որոնք մատուցում են միայնակ փաստաբանները ավելի ցածր որակի են, քան այն ծառայությունները, որոնք մատուցում են փաստաբանների խմբի կողմից»:

 Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել