Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Հայկ Ղազարյանը Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց, որ արցախահայերը բախվել են և՛ իրավական, և՛ բարոյական խնդիրների և այդ խնդիրները շատ են։
«Արցախցիների արտագաղթից հետո նրանց համար չստեղծվեցին բոլոր այն պայմանները, որպեսզի նրանք իրենց զգան հայրենիքու՝ անվտանգ և ապահով՝ և՛ ֆիզիկապես, և՛ սոցիալապես։ Արցախի խնդիրները միայն սոցիալական չեն և միայն դրանցով չեն սահմանափակվում։ Ամենակարևոր իրավունքը Արցախ վերադարձի իրավունքն է, մենք ունենք նաև արժանապատվության խնդիր։ Պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիր նաև ունենք, դա շատ կարևոր է և անդառնալի կորուստ։ Հետևողական ենք լինելու, որպեսզի արցախցիների իրավունքների հարցը միջազգայնացվի»,-նշեց նա։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ արցախահայերի իրավունքները պետք է ավելի հետևողական պաշտպանվեն Կառավարության կողմից։ Անդրադառնալով բնակապահովման ծրագրին՝ նա նշեց, որ պետք է իրատեսական դրամական աջակցություն տրվի։
«Իհարկե որոշակի բանակցություններ գնում են, ընթացքի մեջ են, դեռ վերջնական չեն, բայց կարծում եմ՝ այդ հարցը շատ կարևոր է։ Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի արցախցիներն իրենց զգան անվտանգ, ապահով և պաշտպանված»,-ասաց Հայկ Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։