Տղամարդը գնացել է խանութ, ապրանքները նետել աշխատակիցների վրա, հարձակվել այցելուի վրա, անհասցե հայհոյանքներ հնչեցրել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Էդուարդ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ոչ սթափ վիճակում, այցելել է Գյումրու  խանութներից մեկը, որտեղ առանց հիմնավորման պահանջել է խանութի տնօրենին, այնուհետև խանութի աշխատակիցների, սեփականատերերի հասցեներին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հայտարարել է ու պահանջել, որ խանութը չպետք է աշխատի, որից հետո խանութի վաճառասեղանների վրա դրված ապրանքների մի մասը նետել է խանութի աշխատակցուհիների վրա, իսկ մի մասը թափել գետին՝ ստորացնելով, հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով խախտել ներկաների անդորրը, ինչպես նաև խոչընդոտել աշխատանքը։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել ապրիլի 15-ին և մակագրվել դատավոր Վարսենիկ Մելքոնյանին։ Տղամարդը կալանավորվել է։

Նշվում է նաև, որ տղամարդը խանութից դուրս գալուց հետո հարձակվել է նշված խանութ այցելող Ա. Հակոբյանի վրա, քաշել վերջինիս հագուստներից: Ա. Հակոբյանը կարողացել է ազատվել  այլ քաղաքացիների միջամտության շնորհիվ:

Այնուհետև, շարունակելով հասարակության և բարոյական նորմերի նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ Ա. Կիրակոսյանի և նրա կնոջ հասցեին, բահով հարվածներ է հասցրել Ա. Կիրակոսյանին պատկանող մեքենայի դիմապակուն, շարժիչի կափարիչին՝ վերջինին պատճառելով 86.000 դրամի գույքային վնաս:

Դատարանը վճռել է Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հանցագործությունների համակցությամբ մասնակի գումարելով՝ Էդուարդ Բ․-ի նկատմամբ նշանակված պատիժները, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 1 տարի ժամկետով ազատության սահմանափակումը:

Նշանակված պատժին հաշվակցել մեղադրյալի անազատության մեջ գտնվելու 3 ամիս 8 օր ժամանակահատվածը և թողնել նրան կրելու 3 ամիս 14 օր ժամկետով ազատության սահմանափակումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել