Արդարադատության փոխնախարարի ընկերուհին նոտար չդարձավ, սակայն վերջինիս կինը դարձավ

«Նոտարական,  ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ -ի, ՔԿՀ-ի և պետական ռեգիստրում իրականացվող բարեփոխումների նպատակն ավելորդ քայլերի վերացումն է նշված  համակարգերից: Բոլոր այն գործողությունները, որոնք որևէ հավելյալ արժեք չունեն, պարզապես հանվում են»,- այս մասին Լոռու մարզում անցկացված հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:

Նա նախևառաջ անդրադարձավ էլեկտրոնային ռեգիստրին՝ փաստելով, որ  բոլոր այն քայլերն ու գործողությունները, որոնք կատարվում են մեկ մարմինը մյուսին հարցում կատարելու արդյունքում՝  այժմ փոխվել են մեկ պատուհանով. «Բոլոր այն քայլերը, որոնք դեռևս ավտոմատացված չեն, որոշ խնդիրներ են պարունակում: Այդ իսկ պատճառով մեր գործողությունները ուղղված են բոլոր քայլերն ավտոմատացնելու ուղղությամբ: Այս բոլոր բարեփոխումները  բերում են թափանցիկության բարձրացման: Միայն անհրաժեշտ է վճարել սահմանված պետական տուրքը»:

Փոխնախարարը ընդգծեց, որ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի արդեն հաջորդ տարի ՔԿԱԳ համակարգը ևս դառնա էլկտրոնային, ինչը հնարավորություն կտա  անհրաժեշտ ինֆորմացիան ստանալ տեղում և անմիջապես:

Անդրադառնալով նոտարական համակարգին՝  նշեց , որ այն երևի ամենաբարդ համակարգն է. «Այս ոլորտում  դեռ բավական աշխատանք կա կատարելու»:

Փոխնախարարը ցավով հայտնեց, որ ոչ բոլոր բարեփոխումներն են լինելու շատ լավը. «Անկախ մեր կամքից տեղի կունենա սակագների բարձրացում: Նոտարիատի գոյության նպատակն այն է, որ անձը երաշխավորված լինի, որ հետագայում դատարան դիմելու կարիք չի ունենա: Կարծում եմ՝  այս բարեփոխումների համակարգը կապահովի դա»,- միաժամանակ նաև հավելեց, որ  եթե գործարքի արդյունքում քաղաքացին  կտուժի և չի ստանա այն, ինչի համար գործարքը  կնքվել է, ապա այդ գումարը ամբողջապես նա կարող է ստանալ նոտարից. «Այդ պարագայում նոտարն արդեն  կունենա պատասխանատվության ապահովագրություն, ինչպես նաև նոտարական պալատում կլինի համապատասխան ֆոնդ, որը կապահովի վնասի փոխհատուցումը, եթե հանկարծ նոտարի գումարները  չեն բավականացնի»:

Արամ Օրբելյանի կարծիքով՝  վերոնշյալը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ նոտարը կլինի բավական «հարուստ»,  այսինքն՝ յուրաքանչյուր գործարքից կստանա համապատասխան բալանսավորված գումար. «Դրա փոխարեն նոտարների պատասխանատվությունը զգալիորեն կբարձրանա, քանի որ նոտարը պատասխան կտա ինչպես կարգապահական թերացումների, այնպես էլ նյութական պատասխանատվության համար: Արդեն բավական նոտարներ ենթարկվել են պատասխանատվության, ինչի արդյունքում կարգապահությունը և մատուցվող ծառայությունների որակը զգալիորեն բարձրացվել են»:

Փոխնախարարը միջոցառման ընթացքում անդրադարձավ նաև ԴԱՀԿ համակագում կատարվող բարեփոխումներին:

«ԴԱՀԿ համակարգում  արդեն իրականացվել է ներքին էլեկտրոնային կառավարման համակարգի ներդում: Աշխատանքները շարունակվում են, ինչի արդյունքում գործերի քանակը գերթե կրկնակի ավելացվել են: Այս համակարգում թվայնացման գործընթացը շարունակվում է: Աշխատանքեր են տարվում նաև որպեսզի ԴԱՀԿ և դատարան կապն ավելի իրական դառնա»,-ասաց նա: 

Խոսելով ՔԿՀ- մասին՝  նշեց, որ  քրեակատարողական համակարգը ամենախնդրահարույց դաշտերից՝  ինչը  պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

Որպես օբյեկտիվ պատճառ փոխնախարարը մատնանշեց  բանտային ոչ բավարար պայմանները. «Այդ  խնդիրների լուծումը բավական մեծ բյուջեի հետ է կապված, չնայած  ամեն տարի բանտային պայմանների բարելավման համար  բյուջե էնախատեսվում: Այս համակարգում՝  որպես ամենամեծ փոփոխություն կարող ենք համարել պրոբացիոն ծառայության ներդրումը»:

Միջոցառման վերջում փոխնախարարը հայտնեց, որ հիշյալ բոլոր քայլերն ուղղված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Իր անձնական կյանքից մեկ դրվագ պատմելով՝ արդարադատության փոխնախարարը եզրափակեց իր խոսքը:

«Երբ ես և կինս դեռևս ամուսնացած չէինք, և նա իմ ընկերուհին էր, մասնակցեց նոտարի քննություններին: Բոլորը կարծում էին, որ նա անպայման հաջողությամբ կհանձնի քննությունները, քանի որ փոխնախարարի ընկերուհի է: Սակայն այդպես չեղավ»,- պատմում է փոխնախարարը, ապա հումորով հավելում,- «Դրանից հետո արդեն մտածում էի ամուսնանամ իր հետ, թե՝ ոչ: Բայց արդյունքում ամուսնացա, քանի որ սիրում էի»:   

Արև Ավագյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել