26-ամյա Մարիաննա Ա.-ին Վարդենիսի դատարանը մեղավոր է ճանաչել իր երկու երեխաների սպանության հանցափորձի համար և դատապարտել 5 տարի ազատազրկման:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը`միջնակարգ կրթությամբ, ֆիզիկապես առողջ Մարիաննա Ա.-ն 2012 թվականի հունիսի 13-ին Վարդենիսի քաղաքում գտնվող անասնաբուժական, անասնաբուծական դեղորայքի առևտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ և նույն օրը, կենցաղային հարցերի պատճառով, իր երկու անչափահաս որդիներ Կ.-ին և Հ.-ին սպանելու դիտավորությամբ, գործով վկա Նարինե Հ.-ի առանձնատան ննջասենյակում մկնասպան պատրաստուկ է խմեցրել վերջիններիս ու քնեցրել նրանց:
Ըստ մեղադրական եզրակացության` մինչ այդ, ինքնասպան լինելու նպատակով, ինքն է նշված պատրաստուկից խմել: Մարիաննա Ա-ն կատարածի մասին հաղորդագրություն է ուղարկել իր հարսի հեռախոսահամարին և գրել, որ «Թամ ջան մորս լավ կնայես, ես ձեզ սաղիդ շատ սիրում եմ, քուր ջան»: Հարսը հետ է զանգահարել, Մարիաննան պատասխանել է, որ անձնական վիրավորանքի պատճառով երեխաներին դեղ է տվել: Հարսն անմիջապես հեռախոսն անջատել է և միանգամից զանգահարել է բնակարանատեր Նարինե Հ-ին և ասել, որ երեխաներին շուտ արթնացնի:
Վերջինս, տեղեկանալով կնոջ արարքի մասին, օգնության է հասել, կանչել է հարևանությամբ բնակվող Նելլի Ա-ին, բժշկական շտապ օգնության խումբ է կանչել, նրանց տեղափոխել են «Վարդենիսի հիվանդանոց», այնուհետև Երևան` համապատասխան բուժում ստանալու նպատակով:
Կատարվածի հետևանքով մայրն ու երկու որդիները ունեցել են սուր թունավորում մկնդեղով: Երկու որդիների և Մարիաննա Ա-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը`առաջադրված մեղադրանքում Մարիաննան իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ իր ամուսնու և սկեսրայրի համար է այդ քայլին գնացել, քանի որ նրանք իրեն միշտ ճնշել են:
ՈՒթ տարի ընդհանրապես չի իմացել, թե ամուսնական կյանքն ինչ բան է: Մի օր լավ, մի օր վատ ապրել են և չի հասկացել, թե ինչ բան է ամուսնական կյանքը: Ծնվել է իրենց առաջին որդին, երեխային մեջ բերելով միշտ ասել է, որ լավ կլինի, սակայն նույն վեճերն ու կռիվները եղել են ամեն ամիս, ամեն տարի: Վիճաբանությունը եղել է միայն ֆինանսի հետ կապված, քանի որ իրենց տան մեջ առաջին հարցը եղել է ֆինանսը: Չորս տարվա հարս է եղել և չի իմացել, թե ոսկեղենն ինչ բան է, եղել է բանկերում: Մինչև անգամ իրեն խանդել են իրենց հորաքրոջ ամուսնու հետ, քանի որ որպես հարգված հարս ներս մտնի ու համբուրի, ասել են, ինչու է հարսը համբուրում հորաքրոջ ամուսնուն: Հայրական տուն գնալուց մինչև անգամ վեճերով ու կռիվներով է եղել:
Ծնվել է երկրորդ որդին, սկեսրայրն անվանել է անբարոյական: Փոքր որդին եղել է երկու տարեկան, այդ ժամանակ ինքը նորից դեղահաբեր է խմել: Այդ ժամանակ սկեսրայրն իրեն մեղավոր է ճանաչել, բայց հինգ րոպե անց դա անցել է և ինքը զգացել է, որ դա մեղավորություն չի: Դրանից հետո առանձնացել, գնացել են Արթիկ, ամուսինը սկսել է շատ խմել, ինտերնետային ցանցերով շփվել է, ավելի շատ են եղել վեճերը: Անբարոյական անվանումը կպցնելուց հետո գնացել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղ, որտեղ բնակվել է իր հոր ընկերը: Այդ ժամանակ ամուսինը եղել է Լենինգրադում: Զանգերի և անբարո խոսքերի ճնշվածության պատճառով գնացել է այդ քայլին:
Ամսի 13-ի առավոտյան երեխաների հետ գնացել է Վարդենիս քաղաք, գնել է դեղը և վերադարձել տուն: Երեխաների քնի ժամին սկզբից ինքն է խմել, որից հետո 15 րոպե անց զանգահարել է ամուսինը, անբարո խոսքեր է ասել, ինքն էլ մտածելով, որ եթե ինքը չլինի, թող իր երեխաներն էլ չլինեն, անգիտակցաբար խմեցրել է իր որդիներին: Մոտ մեկ ժամ անց տիկին Նարինեն իմացել է և շտապ օգնության մեքենայով տարել են հիվանդանոց:
Երեխաների հայրը դատարանում հայտնել է, որ 2012 թվականի ապրիլի 29-ին ինքը մեկնել է ՌԴ` արտագնա աշխատանքի: Այդ ընթացքում ընտանիքը վարձով բնակվել է Արթիկ քաղաքում` նորմալ վիճակում: Մայիսի 30-ին գումար է ուղարկել, որ երեխաներին նորմալ պահի: 2012 թվականի հունիսի 3-ին կամ 4-ին (կոնկրետ չի հիշում) հայրը` Ն. Կ.-ն, զանգահարել է իրեն և ասել, որ Մարիաննան գնացել է իր մոր ծննդյան տոնին և խմած է տուն եկել: Դրանից հետո ինքը զանգահարել է Մարիաննային, այդ հարցի շուրջ զրուցել կնոջ հետ, բայց վերջինս հրաժարվել է և պատճառաբանել, որ ինքը խմած չի եղել:
Մոտ 2-3 օր անց նորից զանգել և ասել են, որ կինն ընտանիքը վերցրել և գնացել է: Այնուհետև պարզել է, որ Մարիաննան «Օդնոկլասսնիկի» կայքի միջոցով կապի մեջ է եղել տարբեր մարդկանց հետ: Իսկ դրանից հետո զանգել է Մարիաննային, բայց վերջինս միացնելով հեռախոսը` չի խոսել: Մտել է այդ սայտը և տեսել, որ ինչ- որ Տ. Ա.-ի հետ կապի մեջ է:
2012 թվականի հունիսի 10-ին վերադարձել է Հայաստան, մինչև հունիսի 13-ը չի կարողացել գտնել նրան և երեխաներին: Հունիսի 13-ին կամ հունիսի 14-ին մամուլից տեղեկացել է, որ Ակունք գյուղում ինքնասպան լինելու նպատակով մկնդեղ է խմել, ինչպես նաև նույն դեղից տվել է երեխաներին` նրանց սպանելու համար, սակայն այդ մասին իմացել են և նրանց տեղափոխել հիվանդանոց: Ինքը Մարիաննային չի սպառնացել և չի հայհոյել:
Դատարանն ամբաստանյալ Մարիաննա Ա.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է արձանագրել անկեղծորեն զղջալը, համատիրության կողմից դրականորեն բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը և խնամքին մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխա ունենալը, իսկ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրել:
Դատավճռի հրապարակումից հետո կնոջ նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոփոխվել է, և Մարիաննան կալանավորվել է դատարանի դահլիճից:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: