Ադրբեջանում անցկացված փորձաքննությունը հաստատել է, որ Եկատերինբուրգում սպանված Սաֆարով եղբայրները ենթարկվել են դաժան խոշտանգումների. նրանց քթերը կոտրվել են, կուրծքը՝ ջարդվել, իսկ աչքերի շուրջ արձանագրվել են հեմատոմաներ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Սեռական օրգանների վրա նաև կապտուկներ և ազդրերի ներքին հատվածի վնասվածքներ են հայտնաբերվել։
Վնասվել են թոքերը և լյարդը։ Արյուն էր կուտակվել որովայնի խոռոչում»,-նշում են ադրբեջանական աղբյուրները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։
Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստերով քրեական գործերի քննության շրջանակներում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալների, որոնք ադրբեջանական ծագումով Ռուսաստանի քաղաքացիներ են, և խուզարկություններ են անցկացրել նրանց տներում։
«Հունիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլկովիխը, որը հրավիրվել էր Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ադրբեջանական կողմին տրամադրել է անհրաժեշտ բացատրությունները և վստահություն հայտնել, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Նշված քրեական գործերով քննչական գործողությունները շարունակվում են»,-ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Զախարովան հավելել է, որ ավելի մանրամասն տեղեկություններ Քննչական կոմիտեն կհրապարակի, հենց որ դրանք հասանելի դառնան։
Դրանից հետո, ադրբեջանական լրատվամիջոցները պնդմամբ՝ Բաքվում «Sputnik-Ադրբեջան»-ի խմբագրատան խուզարկության ժամանակ ձերբակալվել են Ռուսաստանի ԱԴԾ-ի երկու գաղտնի գործակալներ։ Սա Ադրբեջանի պատասխան քայլն էր։
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, մեկ ժամ հետո լքել շենքը։