Զենքը, ըստ համապատասխան սուբյեկտների կողմից օգտագործման նպատակայնության, ինչպես նաև հիմնական չափանիշների և բնութագրող հատկանիշների, ստորաբաժանվում է`
ա) քաղաքացիական.
բ) ծառայողական.
գ) ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը (այսուհետ` մարտական) զենքի:
Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը և չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ:
Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին համապատասխան թույլտվություն տալու լիազորությամբ օժտված Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար թույլտվություն ստանալուց հետո:
Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել անփող հրազեն, գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Թույլտվությունում թույլատրվում է գրանցել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր: Թույլտվությունը մինչև հինգ տարի ժամանակով է և միաժամանակ համարվում է զենք պահելու և կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ:
Աղբյուր՝ Իրավաբան.net