Էքստրասենսի սպանության գործով ամբաստանյալը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 5-ին, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, հրապարակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավճիռը։

Սպանության համար մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման․

«Դատարանը վճռեց Մուշեղ Մխիթարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և դատապարտել ազատազրկման՝ 20 տարի ժամկետով»,- դատավճռի եզրափակիչ մասը հրապարակեց դատավոր Աբրահամյանը։

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը մնաց անփոփոխ։ Պատժի կրման սկիզբը հաշվվեց 2015 թ-ի օգոստոցի 6-ից։

«Տուժողի իրավահաջորդի կողմից ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել մասնակի։ Ամբաստանյալից,  հօգուտ տուժողի իրավահաջորդ Լորետա Գոլմիյանի բռնագանձել տուժող Անի Մաջնունյանի հուղարկավորության համար ծախսված գումարը՝ 2 միլիոն դրամը, իսկ տուժող Անի Մաջնունյանի բնակարանից գողացված 5 միլիոն ՀՀ դրամի մասով քաղաքացիական հայցը թողնել առանց քննության։ Լորետա Գոլմիյանին իրավունք վերապահել քաղաքացիաիրավական հայց հարուցել քաղաքացիական դատավարության  կարգով»,-նշվեց դատավճռի մեջ։

Մուշեղ Մխիթարյանից՝ հօգուտ ՀՀ-ի որպես դատական ծախս կբռնագանձվի  973․890 դրամ։

Որպես իրեղեն ապացույց ճանաչված հեռախոսները, Անի Մաջնունյանին պատկանող մի շարք զարդեր՝ ընդհանուր հաշվով 34,500 դրամ արժողությամբ, դեպքի վայրից առգրավված հագուստները դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կվերադարձվեն նրա մորը՝ Լորետա Գոլմիյանին։ Իսկ Մուշեղ Մխիթարյանի տնից խուզարկությամբ առգրավված դանակը, պոչը կտրած գրտնակը և մի շարք այլ իրեր կվերացվեն։

Նշենք, որ դատավճիռը մեկամսյա ժամկետում հանարվոր կլինի բողոքարկել քրեական վերաքննիչ դատարան։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել