Հանդիսանում եմ մարդ, որը գնման իրավունքով, վարկով բնակարան է ձեռք բերել, մինչ այժմ չունի սեփականության վկայական․ Բաբկեն Թունյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միկոյան 64-ի մասին. թերևս շատերը գիտեն (արդեն), որ ի թիվս հարյուրավոր այլ բարեխիղճ գնորդների, ես նույնպես հանդիսանում եմ մարդ, որը գնման իրավունքով, վարկով բնակարան է ձեռք բերել, մինչ այժմ չունի սեփականության վկայական և սպասում է այս հարցի հանգուցալուծմանը: Այս մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Հաշվի առնելով ԱԺ պատգամավորի կարգավիճակս՝ անգամ հրապարակային չեմ էլ խոսել այս գործընթացի, խնդիրների ու ռիսկերի մասին, որպեսզի դա չընկալվեր որպես դիրքի չարաշահում կամ որևէ այլ կերպ չմեկնաբանվեր:

Չնայած դրան, բնականաբար, ոչ միայն հետևել ու տեղյակ եմ եղել խնդիրներին, այլ նաև կառավարության և այլ մարմինների ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Ոչ թե այն պատճառով, որ խնդիրն առնչվում է կոնկրետ ինձ, այլ որովհետեւ խոսքը վերաբերում է հարյուրավոր գնորդների, և այս դեպքում ռիսկերը չկառավարելը և խնդիրն անտեսելը կարող է դոմինոյի էֆեկտ և բացասական ազդեցություն ունենալ ընդհանրապես գնման իրավունքով անշարժ գույք ձեռք բերելու գործընթացի վրա:

Ասեմ, որ վերջին 1-2 տարիների ընթացքում ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք պիտի չեզոքացնեն հետագայում նման իրավիճակների առաջացման ռիսկերը: Որոշ կարգավորումներ էլ առաջիկայում կընդունվեն՝ բարեխիղճ ձեռքբերողների շահերը պաշտպանելու համար:

Այդ օրենքները կոնկրետ այս դեպքին չեն կարող վերաբերվել, սակայն կառավարությունն ինտենսիվ զբաղվում է հարցի լուծմամբ: Իհարկե, իր հնարավորությունների և իրավունքների սահմաններում, մանավանդ, հաշվի առնելով, որ գործ ունենք սնանկության գործընթացի հետ:

Մինչ այդ ընդամենը մի բան կասեմ՝ որպես քաղաքացի և որպես ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ պատգամավոր:

Ճիշտ է, ներկայումս իրավական պրոցեսներ են ընթանում, սակայն անկախ ամեն ինչից՝ ցանկացած իրեն հարգող գործարարի ամենամեծ կապիտալը գործարար համբավն է և վստահությունը: Միամտություն է կարծել, որ մանավանդ այսօր՝ ինֆորմացիայի արագ տարածման ժամանակաշրջանում, հնարավոր է անպատասխանատու վարքագիծ, անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների ու գործընկերների նկատմամբ, ու շարունակել հաջողությամբ աշխատել նույն կամ այլ ոլորտներում: Լինի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների, բիզնես գործընկերների թե պետական մարմինների հետ՝ հաշվի է առնվելու նախկին գործունեությունը, իսկ դա անհնար է քողարկել, այն էլ՝ Հայաստանի նման փոքր երկրում:

Համոզված եմ՝ կառուցապատող ընկերությունը (և դրա սեփականատերերը) այս ամենը շատ լավ հասկանում են: Նաև կարծում եմ, որ նրանք դեռ չեն կորցրել ամեն ինչ շտկելու և ներկա ու ապագա գնորդների վստահությունը վերականգնելու հնարավորությունը: Դրա համար շատ բան պետք չէ. պարզապես պետք է հիշել՝ ինչ են խոստացել իրենց գրասենյակ այցելած մարդկանց (այդ թվում՝ ինձ), և տեր կանգնեն իրենց խոստումներին՝ ձեռնպահ մնալով տարբեր պատրվակներով ու սողանցքներ օգտագործելով մարդկանց ինչ-ինչ պայմաններ թելադրել փորձելու պրակտիկայից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել