Այսօր ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը մասնակցեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի A30 կամավորների խմբի երդման արարողությանը և վարեց նրանց երդման կարգը։ Այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում հյուրընկալվելու է 18 կամավոր։
Կամավորները հաջողությամբ ավարտեցին հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա ինտենսիվ դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կաշխատեն հաջորդ երկու տարվա ընթացքում։ Կամավորները ապրելու են hայ հյուրընկալող ընտանիքներում և ծառայելու են իրենց համայնքներում՝ համագործակցելով տեղի դպրոցների անգլերենի ուսուցիչների և երիտասարդական կազմակերպությունների հետ։ Կամավորները կօգնեն աշակերտներին բարելավել իրենց անգլերենի հմտությունները, իսկ երիտասարդներին՝ ձեռք բերել կյանքի և զբաղունակության հմտություններ։
«Այսօր Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի և մեր բոլոր գործընկերների համար հիշարժան օր է․ բոլորիս սրտերը լի են ուրախությամբ և հպարտությամբ, քանի որ տոնում ենք 30-րդ հոբելյանական խմբի կամավորների երդման արարողությունը։ Այսօր 18 նոր կամավոր կմիանա Խաղաղության կորպուսի մեր երկարամյա ժառանգությանը։ Երկու օրից մեր կամավորները կմեկնեն իրենց ծառայության վայրեր՝ Հայաստանի տարբեր քաղաքներ և գյուղեր, որտեղ կաշխատեն տեղի իրենց գործընկերների հետ՝ ոգեշնչելու աշակերտներին, ուսուցիչներին և հայ երիտասարդներին»,- ասաց ԽԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ’րոարքը։
Միջոցառման ներկաների թվում էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, Խաղաղության կորպուսի նախկին և ներկա կամավորներ, կամավորներին հյուրընկալող հայ ընտանիքներ, ինչպես նաև ծրագրերի միջազգային և տեղական գործընկերներ։
Խաղաղության կորպուսի մասին
Խաղաղության կորպուսը ԱՄՆ միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է կամավորներից, համայնքի անդամներից, հյուրընկալող երկրի գործընկերներից և անձնակազմից, որոնք ոգեշնչված են աշխարհում խաղաղություն և բարեկամություն հաստատելու Խաղաղության կորպուսի առաքելությամբ։ Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հրավերով՝ ԽԿ կամավորները իրենց համայնքների անդամների հետ աշխատում են կրթության, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, համայնքի տնտեսական զարգացման և երիտասարդության զարգացման ոլորտներում տեղական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի վրա։ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին նախագահ Ջոն Ֆ․ Քենեդիի կողմից։ Այդ օրվանից ի վեր ավելի քան 240 000 ամերիկացի ծառայել է աշխարհի 142 երկրում։
Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի մասին
1992 թվականին ՀՀ կառավարության հրավերով Հայաստանում մեկնարկեց Խաղաղության կորպուսի ծրագիրը։ 1992-ից ի վեր Խաղաղության կորպուսը նպաստել է Հայաստանում խաղաղության և բարեկամության հաստատմանը՝ միաժամանակ աջակցելով կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։
ԽԿ կամավորները նաև սովորեցրել են հայերին ամերիկյան մշակույթի մասին, իսկ ԱՄՆ վերադառնալով՝ իրենց հայրենակիցներին իրազեկել են հայ մշակույթի մասին։
1992 թվականից ի վեր ավելի քան 1150 ԽԿ կամավոր է ծառայել Հայաստանում։