ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի քաղաքացիական իրավունքի հանձնաժողովի ղեկավար, իրավաբան
Արմինե Ավետիսյան
15.01-17.01.2008թ., «Իրավունք» օրաթաթերթ

Սնանկության ինստիտուտը, ենթարկվելով զարգացման ընդհանուր օրինաչափություններին, անցել է երկարատև ուղի` պատմական ընթացքի ամեն մի փուլում արտացոլելով սոցիալ-տնտեսական կացութաձևի ու գաղափարական արժեքների համապատասխան մակարդակը: Մինչև 20-րդ դարի 50-ական թվականները աշխարհում գործում էին սնանկության երկու մոդելներ` ա) անգլոսաքսոնական, որն առավելապես ուղղված էր պարտատերերի շահերի պաշտպանությանը, բ) ամերիկյան, որն ուղղված էր պարտապանի շահերի պաշտպանությանը: Այսօր արդեն իսկ գործում են սնանկությայն հինգ մոդելներ` ծայրահեղ պրոպարտապանական, ծայրահեղ պրոպարտատիրական, սրանց միջանկյալ տարբերակները և չեզոք մոդելը:
Սնանկության մասին օրեսդրությունը հետխորհրդային Հայաստանի օրենսդրության առավել արագ փոփոխություններ կրող և զարգացող ինստիտուտներից մեկն է: 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո սկսվեց նաև այս ոլորտի համար իրավական կարգավորման ճիշտ ու արդարացված մոդելների փնտրտուքը, որի հետևանքը 1995, 1996, 2003 և 2006 թվականներին ընդունված օրենքներն էին: Ներկայումս գործողը՝ 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված □Սնանկության մասին□ ՀՀ նոր օրենքն (այսուհետև` Օրենք) է:
Իրականացված իրավական փնտրտուքների արդյունքում, սակայն, այսօր մեր հանրապետությունում գործող, սնանկության իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերը իրենց ամբողջականության մեջ չեն ձևավորում մեկ միասնական իրավական հայեցակարգ ներկայացնող մոդել, չունեն հանրության սոցիալական պաշտպանություն իրականացման համար անհրաժեշտ ծանրաբեռնվածություն, այս ոլորտում առաջացող հարաբերությունները կարգավորվում են ոչ լիարժեք:
ՀՀ-ում որպես սնանկության արտաքին հատկանիշ նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը (500.000 դրամ) գերազանցող դրամական պարտավորությունների կատարման 30-օրյա ժամկետով կետանցը: Քննարկենք այսպիսի չափանիշների ընտրության հիմնավորվածությունը: Կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող դրամական պարտավորությունները 30-օրյա ժամկետում չկատարած մանր ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելը գուցե և տրամաբանական է, բայց մեծածավալ և բազմակողմանի տնտեսական գործունեություն ծավալող, մի քանի հարյուր բաժնետեր ունեցող ընկերության համար` ոչ պիտանի: Կարծում ենք, որ տարբերակված մոտեցման կիրառումը կարող է լինել արգասաբեր և ապահովել քաղաքացիական շրջանառության կայունությունը:
Ավելորդ չէր լինի ընդգծել, որ այս` արտաքին հատկանիշի կիրառումը պետք է հնարավորություն տա ժամանակին «կռահելու» գործարարության սուբյեկտի փաստացի բացարձակ անվճարունակության վտանգը և ժամանակին ձեռք առնված միջոցառումների շնորհիվ վերականգնելու դրա կենսունակությունը:
Սնանկության բովանդակային հատկանիշի (պարտապանը վճռի կայացման պահին ի վիճակի չէ կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները (ենթադրվում է, որ խոսքը պարտավորությունների լրիվ կատարման անհնարինության մասին է) կամ պարտապանի պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը) կիրառումը լայն տարածում չունի (Գերմանիա, ՌԴ): ՀՀ-ում Օրենքն այս հատկանիշը պարտադիր կարգով կիրառելի է դարձնում միայն այն դեպքում, երբ սնանկ ճանաչվելու համար դատարան է դիմում հենց ինքը` պարտապանը:
Օրենսդրական պարտադիր ամրագրման կարիք ունի այն նաև դրույթը, համաձայն որի անձը չի կարող սնանկ ճանաչվել և դատարանում սնանկության վերաբերյալ գործ չի կարող քննվել, իսկ դրա քննության ընթացքում բացահայտվելու դեպքում` այն ենթակա է կարճման, եթե պարտապանն ունի միայն մեկ պարտատեր: Այս դեպքում պարտապանի նկատմամբ ունեցած դրամական պահանջների վերաբերյալ գործերը ենթակա են քննության և բավարարման քաղաքացիական դատավարության ընդհանուր հայցային վարույթի կարգով:
Էական բարեփոխումների կարիք ունեն նաև պարտատերերի ժողովի և խորհրդի իրավասությունները: Նշված կառույցներն այսօր սնանկության գործընթացի վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող` անհրաժեշտ լիազորությունները չունենալու պատճառով:
Որոշակի լրացումների կարիք ունի նաև սնանկության կառավարիչների ենթաինստիտուտը: Մասնավորպես` պետք է նախատեսվի դատարանի հնարավորությունը խոշոր տնտեսվարող սուբյեկտների սնանկության դեպքում նշանակելու մեկից ավելի կառավարիչներ, միաժամանակ պետք է կարգավորվի նաև այդ դեպքում նրանց իրավական պատասխանատվության և վարձատրության հարցերը: Անհրաժեշտ է երկարաձգել նաև կառավարչի գործողությունները (անգործությունը) բողոքարկելու ժամկետները` դարձնելով ներկայիս տասը օրը երեսուն օր:
Առանձնահատուկ պետք է սահմանվի նաև պարտապանի աշխատողների` պարտապանին սնանկ ճանաչելու համար դատարան դիմելու իրավունքը: Պետք է առավելություն տրվի նաև աշխատողների և կյանքին ու առողջությանը պատճառած վնասի համար պարտապանից փոխհատուցում ստացող անձանց պահանջներին` դրանք` անգամ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում ընդգրկելով ոչ թե չապահովված պահանջների շարքում, այլ պահանջների բավարման օրենքով սահմանված այն հերթում, որոնց մեջ դրանք ընդհանրապես ընդգրկվում են:
Այսօր Օրենքով նախատեսված պարտատերերի պահանջների բավարաման կարգը չի համապատասխանում իրավունքի` որպես սոցիալական կարգավորչի դերին ու նշանակությանը:
Շատ կարևոր ենք համարում նաև Օրենքով սնանկության ընթացակարգերի հստակ ու խելամիտ ժամկետներ, դրանց հաշվարկման չափանիշներ, իսկ խախտման դեպքում` բողոքարկում և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառում նախատեսելը:
Սնանկության ինստիտուտի կատարելագործման համար ընդգծելի ենք համարում սնանկության գործն ավարտելու եղանակներից մեկի` հաշտության համաձայնության կառուցակարգի ներդնումը և դրա լիարժեք իրավական կարգավորումը:
Օրենքի նորամուծություններից է ֆիզիկական անձանց սնանկության ինստիտուտը: Ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում են մյուս սուբյեկտների սնանկության հետ կապված հարաբերությունները կարգավորող ընդհանուր դրույթները` հաշվի առնելով նաև Օրենքով սահմանված առանձնահատկությունները, սակայն, կարծում ենք, որ պարտապան ֆիզիկական անձի սնանկության նկատմամբ պետք է կիրառվի առանձին` հատուկ ընթացակարգ: Չի կարելի այս սուբյեկտի սնանկության նկատմամբ կիրառել նույն դրույթները, որոնք որ կիրառվում են գործարարական իրավունքի սուբյեկտների սնանկության դեպքում: Արդարացված չէ նաև ֆիզիկական անձի նկատմամբ այնպիսի ընթացակարգի կիրառումը, ինչպիսին է ֆինանսական առողջացումը` դրա նպատակների ու խնդիրների միանգամայն այլ բովանդակության պատճառով: Կարծում ենք՝ ֆիզիկական անձի սնանկության ներկայիս տարբերակը երևույթի մասին տալիս է, այսպես ասած, կիսատ-պռատ պատկերացում, հետևաբար այն այս ձևով ներդնելն այսօր համարում ենք ոչ այնքան մտածված և հանրապետությունում իրավական մշակույթը ձևավորելուն բոլորովին չնպաստող քայլ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել