Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ քվեարկության կարգի մասին

Ընտրողի անձնագրի տվյալները, տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելուց հետո, ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Դրանից հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը, իսկ թվային շտեմարանում առկա լինելու դեպքում` նաև ընտրողի լուսանկարը պարունակող քվեարկության կտրոն:

Քվեարկության կտրոնն ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին և ներկայացնում քվեարկության կտրոնը: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար:

Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկներն ստանալուց: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Տարածքային ընտրական ցուցակի թեկնածուներից որևէ մեկին ընտրելու դեպքում ընտրողն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկի երկրորդ էջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու:

Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:

Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում: Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին և նրան է հանձնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ստուգում է կտրոնը, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել նաև ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը: Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու քվեատուփի մեջ:

Եթե ընտրողը չի ներկայացնում քվեարկության կտրոն, ապա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամը տեղեկացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն ընտրողից վերցնում է քվեարկության ծրարը, անհապաղ մարում է՝ առանց ծրարի պարունակությունն ստուգելու:

Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ (Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` ընտրությունների մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ): Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկը (քվեաթերթիկները) անհապաղ մարվում են:

Ընտրողն իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել: Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա քվեարկության սենյակից:

Իրավաբան․net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել