Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը, ուստի նշված դեպքում ՀՀ մշտական բնակության ժամանող քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի ներմուծման գործարքի նկատմամբ ԱԱՀ չի հաշվարկվում և վճարվում (անկախ երկքաղաքացիության հանգամանքից):

Միաժամանակ, Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է հանդիսանում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան ՀՀ ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան ՀՀ ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ՀՀ որպես մշտական բնակիչ հաշվառվելը:

Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ նույն պայմանագրով նախատեսված դեպքերի։ Տվյալ դեպքում Միության անդամ երկրից ավտոմեքենայի ներմուծման դեպքերում մաքսային ընթացակարգերով ձևակերպումներ չեն իրականացվում և ներմուծման մաքսատուրքեր չեն գանձվում:

Ինչ վերաբերում է ավտոմեքենան ՌԴ-ից ՀՀ ներմուծելու դեպքում վճարվող հարկերին, ապա Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 71-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքները հարկվում են անուղղակի հարկերով։ Միաժամանակ, նույն պայմանագրի 72-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն անուղղակի հարկեր չեն գանձվում, երբ անդամ պետության տարածք են ներմուծվում ապրանքներ, որոնք այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածք ներմուծելու դեպքում ենթակա չեն հարկման (ազատվում են հարկումից):

Սույն նյութը հրապարակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրականացման համար Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00

  • ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199,
  • ք. Կապան, Ա. Մանուկյան 1/72, հեռախոսահամար 285 52511,
  • ք. Վանաձոր, Վարդանանց 82/1, հեռախոսահամար 322 22317,
  • ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1/2, հեռախոսահամար 312 58236,
  • ք. Գավառ, Բոշնաղյան 56/7, հեռախոսահամար 264 25503 :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել