ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան կազմակերպությունների դաշինքի անդամ, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանն, անդրադառնալով վաղը կառավարությունում տեղի ունենալիք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին, նշեց ․«Մի մարմին, որ ձևավորվում է, անտեսելով քաղաքացիական հասարակության դաշտը, ձևական մասնակցության տպավորություն է ստեղծում»։
Խորհրդի նիստին զեկույցներով են հանդես գալու նաև երկու ՀԿ ներկայացուցիչներ, որոնք ըստ էության խորհրդի անդամ չեն, քանի որ մինչ այս հայտարարված մրցույթին ոչ մի կազմակերպություն հայտ չի ներկայացրել։
«Քաղաքացիական հասարակության և իշխանության համագործակցության հարաբերություններում, ասես, մրցակցություն լինի, թե ով, ում կարող է ավելի շատ օգտագործել, սա շատ կոպիտ ձևակերպում է։ Այս դեպքում իշխանությունն իսկապես կարողացավ օգտագործել՝ քաղաքացիական հասարակության մասնակցության պատրանք ստեղծելով։ Իրական արդյունքներ քիչ կարելի է սպասել նման դեպքում»,- ասաց պարոն Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ դաշինքը մինչ այս կոչով հանդես եկավ գործադիրի ներկայացուցիչներին՝ հորդորելով միավորել ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների ներուժը Հայաստանի Հանրապետությունում Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության, Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության դրույթներին և սկզբունքներին համապատասխան Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտացված մարմին ստեղծելու ուղությամբ:
«Մեր դաշինքի հայտարարությունն ուժի մեջ է։ Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ շարունակելով իր քայլերը»,- եզրահանգեց պարոն Մանուկյանը։
Հիշեցնենք՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերին մասնակցելուց ձեռնպահ մնաց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, հայտարարությունը տարածելուց հետո ոչ մի ՀԿ այդպես էլ հայտ չներկայացրեց կառավարության աշխատակազմ՝ մասնակցելու գործընթացին: