51-ամյա կինը դանակահարել է ամուսնուն. Գործի քննությունը շարունակվում է

51-ամյա Սեդա Գրիգորյանը ամբաստանվել է 2014 թվականին: Մեղադրական եզրակացության համաձայն` նա 2013թ. դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Ս.Տարոնցի փողոցի իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն բնակարանում բնակվող իր ամուսնու` Մ. Սարգսյանի հետ:
Ամբաստանյալ Սեդա Գրիգորյանը վեճի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու որովայնին` վերջինիս պատաճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից՝ գործը քննվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ: Ամբաստանյալ Սեդա Գրիգորյանի համար խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Տուժող Մ. Սարգսյանի ցուցմունքի համաձայն՝ վերջին շրջանում ինքը հաճախակի է չարաշահել ալկոհոլը, ինչի պատճառով կինը հաճախակի վիճաբանել է իր հետ։ Տուժողի խոսքով՝ 2013թ. դեկտեմբերի 15-ի առավոտյան ինքը դուրս է եկել տանից և տուն է վերադարձել կրկին ալկոհոլ օգտագործած վիճակում ։ Սեդա Գրիգորյանը, տեսնելով, որ նա կրկին ալկոհոլ է օգտագործել, սկսել է նախատել, որի պատճառով իրենց միջև քաշքշուկ է սկսել: Քաշքշուկի ընթացքում կինը խոհանոցային դանակով հարվածել է իր որովայնին։

Պաշտպանության կողմի միջնորդությամբ ամբաստանյալ Սեդա Գրիգորյանի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական ամբուլատոր փորձաքննություն: Համաձայն որի՝ամբաստանյալը հանդիսանում է «Անձի հիստերիկ խանգարում, տագնապային և դեպրեսիվ խանգարումներով» ախտորոշմամբ անձնավորություն:

Այս ամենի հիման վրա դատարանը վճռել է Սեդա Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր.օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:

Նշենք նաև, որ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան. Գործի քննությունը դեռ շարունակվում է:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել