59-ամյա Արթուր Ղազարյանը և 69-ամյա Սամվել Նիկողոսյանը ամբաստանյալի աթոռին են եղել 2014-ի թվականին: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ։
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին կալանավոր Արթուր Ղազարյանի համար որպես խափանման միջոց ընտրվել է նորից կալանքը, իսկ մյուս ամբաստանյալի համար՝ ստորագրությամբ չհեռանալը։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արթուր Ղազարյանը 2013թ.-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանատանը Սամվել Նիկողոսյանի հետ գերեզմանափոս փորելիս են եղել։ Արթուր Ղազարյանը վիճաբանել է իրենց մոտեցած Ս.Բ.-ի հետ, որի ընթացքում իր ձեռքին եղած քլունգով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա գլխի և մարմնի տարբեր մասերին։ Ծեծի արդյունքում վերջինս մահացել է։
Նույն օրը ժամը 23-ի սահմաններում Արթուր Ղազարյանը Ռաֆիկ Հակոբյանի օգնությամբ դին տեղափոխել է գերեզմանատնից մոտ 400 մետր հեռավորության վրա գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ և դին նետել է ջրանցքը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ ամբաստանյալ Սամվել Նիկողոսյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է՝ կարճման հիմք ընդունելով անձի մահը։ Դատարանի դատավճռով՝ մյուս ամբաստանյալ Արթուր Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակվել է ազատազրկում՝ 12 տարի ժամկետով:
Նշենք, որ գործը բողոքարկվել է քրեական վերաքննիչ դատարան, սակայն բողոքը մերժվել է:
Կողմերի անունները փոփոխված են:
Պատրաստեց՝ Զարուհի Մանուչարյանը