«Մենք որպես կազմակերպիչ դուրս ենք եկել Բաղրամյանից և որպես ժողովրդի մասնիկ մտել ենք ժողովրդի մեջ». նախաձեռնության անդամ

Այս պահին Ազատության հրապարկում են 7 օր շարունակ Բաղրամյան պողոտայում  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդ ակտիվիստները:

Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  հայտարարությունից հետո, որ ժամը 23:00-ից հետո Բաղրամյան պողոտան «կմաքրեն» ցուցարարներից, քաղաքացիների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում, մյուս մասը `«Ոչ Թալանին» նախաձեռնության կազմակերպիչների հետ տեղափոխվեց «Ազատության» հրապարակ:

Լրագրողների այն հարցին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ շարժումը պառակտվել է, նախաձեռնության ակտիվիստներից Արտուշը պատասխանեց. «Որպեսզի Բաղրամյանից դուրսեկողները մնան պայքարի մեջ, որոշեցինք այստեղ հավաքվել  ու  տուն չգնալ: Ես երեկ գիշերել եմ Բաղրամյան պողոտայում, մեր նախաձեռնության անդամներից ոմանք էլ գիշերել են «Ազատության»  հրապարակում: Մենք չենք ասում, որ Բաղրամյանում սադրիչներ են, այնտեղ էլ, այստեղ էլ մեր ընկերներն են, պառակտում չկա»:

Այն հարցին, թե արդյոք ոստիկանությունը կգնար ուժի կիրառման, եթե նախաձեռնողները չլքեին Բաղրամյանը, Արտուշը պատասխանեց որ հստակ ասել չի կարող, բայց կարևոր քայլ արվեց. «Մենք որպես կազմակերպիչ դուրս ենք եկել  Բաղրամյանից և որպես ոչ թե կազմակերպիչ այլ ժողովրդի մասնիկ մտել ենք ժողովրդի մեջ»:

Արտուշի խոսքով` այն մարդիկ, ովքեր Բաղրամյան պողոտայում իրենցից հետո բարձրացան հարթակ ու սկսեցին կոչերով հանդես գալ, եղել են առաջին գծում և թեպետ նա այդ մարդկանց անձամբ չի ճանաչում, բայց կարող է ասել, որ ուղղակի տղերք են, որ որոշեցին մնալ ու պայքարել այնտեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել