Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, ըստ որի՝
«Հարգելի հայրենակիցներ:
Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքը շարունակվում է, և հատկապես վերջին օրերին հավաքին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, մարդկանց անկանոն շարժից կամ մթությունից, կարող են վնասել երեխաներին: Նման իրավիճակներում անչափահասների համար մտահոգվելը և բնական է, և անհրաժեշտ:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք միայնակ մասնակցել հանրահավաքին: Իսկ հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին հորդորում ենք մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին:
Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է»: