Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների հանդեպ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը անօրինական է եղել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավախորհրդատու Տաթևիկ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը հատուկ ջրցան մեքենայի միջոցով և բռնի ուժի գործադրմամբ ցրեց իրենց բողոքն արտահայտող ցուցարարներին:
Իրավաբանը նշում է, որ «Ոստիկանության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ ոստիկանության ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել ջրանետեր և զրահամեքենաներ, սակայն հատուկ միջոցները արգելվում է գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ:
«Իսկ հավաքին մասնակցել են հղի կանայք և անչափահասներ, նաև հաշմանդամություն ունեցող անձիք, որոնց նկատմամբ ոստիկանությունը իրավունք չուներ ջրանետեր գործադրել: Նաև նշեմ, որ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Այնինչ, նրանք պետք է առաջնորդվեին Ոստիկանության կարգապահական կանոնագրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն որի, ոստիկանության ծառայողը պարտավոր է իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Տաթևիկ Մանուկյանը:
Իրավաբանը խոսեց նաև նույն օրը ցույցը ցրելուց հետո 237 հոգու բերման ենթարկելու մասին. նրանք ոստիկանության բաժիններում պահվել են 3 ժամից ավելի` դատավարական որևէ կարգավիճակ չստանալով: Այնինչ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ, բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցությամբ ՀՀ օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ:
«Ընդ որում, բերման ենթարկված անձանց մեծ մասը չի կարողացել օգտվել փաստաբանի ծառայություններից: Խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ՀՀ քաղաքացիների իրավունքերը և օրինական շահերը»,- ասաց իրավաբանը: