Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու պատրվակով 15.500 դոլար է հափշտակել. ՔԿ

Ավարտվել է իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի։

Նախաքննությամբ պարզվել է, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու՝ Երևանի բնակչուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել և հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մեկ այլ բուհ-ի ֆիզիկայի ամբիոնի դասախոսը, տեղեկանալով իր որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու Երևանի բնակչուհու ցանկության և դրա համար կաշառք տալու պատրաստակամության մասին, խոստացել է օժանդակել դրան։

Դասախոսն այդ մասին տեղեկացրել է իր ծանոթներից մեկին։ Վերջինս, նախնական համաձայնության գալով մեկ այլ քաղացու հետ, նրան հավաստիացրել են, թե կարող են նպաստել տիկնոջ որդու ընդունելությանը և գումար պահանջել պատասխանատու պաշտոնատար անձանց կաշառք տալու համար։

Քննության տվյալներով՝ կինը միջնորդ հանդիսացած դասախոսին տվել է 15.500 ԱՄՆ դոլար, ով 2000 ԱՄՆ դոլարը վերցրել է որպես միջնորդավճար, իսկ մնացած 13.500 ԱՄՆ դոլարը՝ փոխանցել տղայի ընդունելությունը կազմակերպել խոստացած անձանց:

Ընդունելության քննությունների ավարտից հետո գիտակցելով, որ խաբվել է՝ կինը պահանջել է վերադարձնել գումարը, ինչը տարբեր պատճառաբանություններով և կեղծ խոստումներ տալով ձգձգվել է։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, կնոջը՝ քրեական օրենսգրքի 34-312 րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ դասախոսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ