Ինչպե՞ս բեռնաթափել գերծանրաբեռնված դատարանները. փաստաբանի առաջարկը

Քաղաքացիական դատավարության հայեցակարգային խնդիրներից մեկն այն է, որ չկան «փոքր հայցերի» դատարաններ. փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ ներկայիս գերծանրաբեռնված դատարաններում հայցերի գերակշիռ մասը կազմում են փոքր հայցապահանջներով գործերը (օրինակ բջջային օպերատորների հայցերը` գումարներ բռնագանձելու մասով), որոնք կարող են քննել նաև ավելի ցածր որակավորում ունեցող մասնագետները:

«Բարձրագույն կրթություն, այնուհետև արդարադատության ակադեմիա, քննություններ …Բարդ ճանապարհ անցնելուց ու դատավոր դառնալուց հետո երբ նրան տալիս են տեխնիկական բնույթի գործեր, որոնք մեծ հաջողությամբ կարող է քննել եթե ոչ նիստերի քարտուղարը, ապա գոնե դատավորի օգնականը, կարծում եմ, որ դա արդարադատության ռեսուրսի վատնում է»,- ասաց Հ. Տեր-Վարդանյանը:

Նրա խոսքով, հենց նմանատիպ գործերի պատճառաով է նաև, որ դատարաններն օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենում խորամուխ լինել իրենց վարույթում գտնվող ավելի բարդ գործերով: Եվ պետք է լինեն նման կառույցներ` փոքր հայցերով դատարաններ, որոնք այդ գործերի քննությամբ կզբաղվեն և որոշակիորեն կբեռնաթափեն դատարանները:

Նշենք, որ ՀՀ նախագահի կողմից արդեն իսկ ստորագրվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է ներդնել հաշտարարի ինստիտուտը, որը հնարավորություն կտա որոշ վեճեր լուծել արտադատական կարգով: Եվ այս ինստիտուտի ներդնումը ուղղված է լինելու նաև դատարանների գերբեռնվածությունը նվազեցնելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել