Ազգային ժողովի նիստում պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնել է, թե բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե պատգամավորը անգրագետ ու զավեշտալի հարց է տվել: Պատգամավորն ասել է, թե անհասկանալի է` թե որն է Բաբայանի դերը` իրենց աշխատանքը լուսաբանելը, թե` իրենց վիրավորելը:
Հիշեցնենք նաև, որ մայիսի 27-ին Ա. Բաբայանը գրել էր. «Ցավում եմ, որ անհրաժեշտություն ունեմ անդրադառնալ բյուջեի ընդունմանն ու կատարողականին։ Բյուջեի կատարողականն անթույլատրելի է խառնել բյուջեի ընդունման հետ, առավել ծանր է, երբ այդպիսի շփոթությունը պատգամավորի կամ այլ պետական պաշտոնյայի մոտ է լինում։ Այս համատեքստում կատարյալ անգրագիտություն է պետական բյուջեից ֆինանսավորվող կառույցի ղեկավարին հարցնել, թե ինչու է այս կամ այն ծախսն արել, դժգոհել դրանից։ Իսկ ամենազավեշտը կամ սարսափելին այն է, որ հարցնողը կամ դժգոհողը հենց բյուջեն ընդունողն է լինում։ Դուք ինչպես նախատեսել եք, այդպես էլ արվել է․․․ ի՞նչ կա այդքան բարդ, որ Ձեզ առիթ է տալիս «մտահոգ» ձևանալ»:
Իսկ Էդմոն Մարուքյանի վերոհիշյալ ելույթից հետո Ա. Բաբայանը նորից գրառում է արել «Ֆեյսբուքում» և ներողություն խնդրել. «Այսօր, հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 27-ին ֆեյսբուքի իմ անձնական էջում կատարածս գրառմանը։ Այդ առնչությամբ կրկին իմ անձնական էջում հայտնում եմ. գրառմանս մեջ տեղ գտած կարծիքն իմ` ՀՀ քաղաքացու սեփական կարծիքն է: Այն որևէ առնչություն չունի Ազգային ժողովի հետ և չէր էլ կարող ունենալ։ Նշված գրառմամբ որևէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել, իսկ եթե պարոն Մարուքյանը վիրավորվել է գրառմանս մեջ տեղ գտած քննադատությունից, ապա թող ներող լինի»։