Ինչպե՞ս են ընդունվում որոշումները ՀՀ Կառավարությունում

ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18–ին ընդունված «ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ ՆՀ–274–Ն հրամանագրով կարգավորվում է ՀՀ կառավարությունում որոշումների ընդունման ընթացակարգը։

Այսպես, կառավարության հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են հինգշաբթի օրերին: Անհրաժեշտության դեպքում կառավարության նիստեր կարող են հրավիրվել նաև այլ, այդ թվում` ոչ աշխատանքային օրերի:

Կառավարության նիստերի և դրանցում քննարկվելիք հարցերի մասին ոչ ուշ, քան նիստն սկսվելուց երեք օր առաջ տեղեկացվում են կառավարության անդամները, հրավիրվողները, անհրաժեշտության դեպքում` նաև այլ անձինք:

Կառավարության նիստերն անցկացվում են Երևան քաղաքում, կառավարության նստավայրում` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1:

Կառավարության նիստերն սկսվում են նախօրոք նշանակված ժամին և ավարտվում նույն օրը: Նիստերը կարող են անցկացվել ընդմիջումներով: Նիստերի ընդմիջումները հայտարարվում են նիստը վարողի կողմից` յուրաքանչյուր անգամ առնվազն 30 րոպե տևողությամբ: Տևական քննարկում պահանջող հարցերի քննարկումները կարող են հետաձգվել հաջորդ օրը, իսկ լրացուցիչ փաստաթղթեր կամ ուսումնասիրություններ պահանջող հարցերը` հաջորդ հերթական կամ արտահերթ նիստի օրը:

Կառավարության նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է կառավարության անդամների առնվազն կեսից ավելին: Տվյալ նիստի օրակարգի հարցերն ընդունվում են առանց քվեարկության` նիստը վարողի հրապարակմամբ:

Քննարկումներից առաջ տվյալ հարցի վերաբերյալ լսվում է համապատասխան զեկուցում, որով հանդես գալու իրավունք ունեն կառավարության անդամները, նրանց բացակայության կամ նիստը վարողի համաձայնության դեպքում` նրանց տեղակալները:

Կառավարության նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 20 րոպե, ելույթների համար` մինչև 5 րոպե, տեղեկանքների համար` 2 րոպե ժամանակ: Նիստը վարողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ: Զեկուցմանը հաջորդում են հարցի շուրջ ելույթները: Նիստը վարողը քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիքն արտահայտում է վերջում: Ելույթներն ավարտված են համարվում զեկուցողի կողմից քննարկումների վերաբերյալ իր կարծիքի արտահայտումից հետո:

Օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կառավարության որոշումն ընդունվում է այդ հարցի քննարկման ավարտից հետո` նախքան հաջորդ հարցի քննարկմանն անցնելը` բացառությամբ այն դեպքերի, երբ հարցի քննարկումը հետաձգվում է:

Կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է նիստին մասնակցող` կառավարության անդամների կեսից ավելին: Քվեարկությունը կատարվում է «կողմ» կամ «դեմ» ձայներով: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը վճռորոշ է: Քվեարկությանը մասնակցում են միայն վարչապետը և Հայաստանի Հանրապետության նախարարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել