Սոցցանցի «Լսի դու մի բզբզա» էջի օգտատերը լոռեցի կնոջից 1.5 միլիոն դրամ է հափշտակել

27-ամյա Գևորգը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման խաբեությամբ 1.5 միլիոն դրամ հափշտակելու համար. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն առաջին ատյանի դատավճռի` Գևորգը 2014 թվականի հունվար ամսին «Օդնոկլասնիկի»  սոցիալական կայքում ստեղծել է «Լսի դու մի բզբզա»  էջը և սկսել նամակագրությամբ շփվել տարբեր կանանց հետ:

Մարտի 13-ին ծանոթացել է գործով տուժող Սոնայի հետ (անունը փոխված է), նրա հետ նամակագրությունների ընթացքում ներկայացել է որպես ֆրանսիահայ մեծահարուստ, հայտնել է, որ ՀՀ ժամանել ամուսնանալու նպատակով և Ֆրանսիայում ունի բրենդային ապրանքների երկու խանութ: Մտերմացել են, հեռախոսահամարները փոխանցել: Վանաձորում բնակվող Սոնան խոստացել է օգնել նրան հագուստի խանութ բացել իրենց քաղաքում:

Հետագայում Գևորգը գումար հափշտակելու իր մտադրությունը իրականացնելու նպատակով, փոխառության պատրվակով` մինչև 2014 թվականի ապրիլի 07-ը վերադարձնելու խոստումով, 2014 թվականի մարտի 18-ից մինչև ապրիլի 05-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Քոչարյանից վերցրել է խոշոր չափի` ընդհանուրը 1573000 դրամ գումար, որը Ս.Քոչարյանը մաս-մաս տարբեր օրերի ընթացքում Գևորգին է ուղարկել է «Վանաձոր» տաքսի ծառայության  միջոցով:

 2014 թվականի ապրիլի 7-ից հետո տարբեր պատճառաբանություններով Գևորգը խուսափել է Սոնայի հետ շփվելուց և հանդիպելուց, իսկ 2014 թվականի ապրիլի 30-ից հետո ընդհանրապես իր կայքէջից չի օգտվել և անջատել է իր հեռախոսահամարը:

Դատավարության ժամանակ Գևորգն իրեն մեղավոր է ճանաչել:

Դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, դատապարտել է նրան 2 տարի 3 ամսվա ազատազրկման: Իսկ վերաքննիչ դատարանը, քննելով ամբաստնյալի բողոքը, դատավճիռը բեկանել է և փոփոխել` պատիժը սահամանելով 2 տարվա ազատազրկում:

Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվել է մայիսի 5-ին և մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարանում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել