«Մենք մի բան ենք պայմանավորվում, նախագծերի մեջ մի ուրիշ բան է գրվում». Հովիկ Աբրահամյան

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նա նշեց, որ այս նախագծով պլանավորվում է նախատեսել բյուջետային վարկ 10 մլդ դրամի շրջանակներում, որը կտրամադրվի գյուղատնտեսությանը՝ մատչելի վարկերի տրամադրում ծրագրերի շարունակությունն ապահովելու համար. «Այս նախագիծը ներկայացվել է կառավարության նախորդ նիստում տրված հանձնարարականի կապակցությամբ, վարկը առևտրային բանկերի միջոցով տեղաբաշխվելու է համապատասխան ուղղությամբ: Բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2015թ. հունիսի 5-ը, տարեկան տոկոսադրույքը կազմում է 8 տոկոս»,- ասաց նախարարի տեղակալը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ո՞վ է ժամկետներ սահմանել մինչև 2015թ.-ը, պարոն Միրումյանը պատասխան չուներ, նա նշեց, որ պարզապես առաջարկ է. «Ի՞նչ է նշանակում առաջարկում ենք, մեր պայմանավորվածությունը եղել է երկու տարով, ինչո՞ւ համար եք գրում մինչև 2015թ.-ը»,- ասաց վարչապետը` դիմելով ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, սակայն հստակ պատասխան չստանալով դիմեց կառավարության անդամներին. «Ես մի բան չեմ հասկանում, մենք մի բան ենք պայմանավորվում, թղթերի մեջ, նախագծերի մեջ մի ուրիշ բան է, ինձ համար անհասկանալի է, ոչ մեկդ խաբար չեք, պարո՛ն Ջավադյան»:

Արթուր Ջավադյանը՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը, պարզաբանեց. «Պարոն վարչապետ, եթե կարելի է նիստից հետո կներկայացնեք Ձեզ այդ խնդիրը, խոսքը գնում է երկու տարի տրամադրելուց հետո, խոսքը գնում է մենակ այս տարի տրամադրելու մասին»,- ասաց նա:

Վարչապետը, դիմելով ԿԲ նախագահին, նշեց. «Ինչի՞ համար է մեր աջակցությունը, քանի որ Արմավիրի կարկտահարման տարիներին մենք ձեզ առաջարկեցիք, և դուք համաձայնվեցիք, վարկերը հետաձգեցիք, քանի որ ձեր ցիկլը խաթարվել է, դրա համար էլ դուք եք մեզ օգնում: Մենք ձեզ տալիս ենք ռեսուրս, որպեսզի գյուղացուն հասնի մատչելի վարկ»:

Այս քննարկման ընթացքում նա նաև նկատողություն արեց գործադիրի անդամներից մեկին. «Մի խանգարեք, խոսում եմ, զուգահեռ հետս խոսում եք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել