Գևորգ Կոստանյանի հայտարարությունը՝ դատախազության համակարգում կոռուպցիայի վերաբերյալ

Կոռուպցիայի և ոչ պատասխանատու աշխատանքի չեզոքացումը դատախազության գործունեության կարևորագույն ուղղություններից է: Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2014թ. գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Կոռուպցիայի և դատախազների ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ պայքարի հարցում կարող եմ վստահեցնել, որ այս ընթացքում դատախազության համակարգում իրականացվել են մեծ ծավալի աշխատանք»,- նշեց նա՝ վստահեցնելով. «Դատախազական կորպուսի կեսից ավելին փոխվել է և համակարգը համալրվել է երիտասարդ կադրերով: Կոռուպցիան և ոչ պրոֆեսիոնալիզմը չեն կարող տեղ ունենալ դատախազական համակարգում, քանի որ իմ խորհին համոզմամբ՝ ոչ պրոֆեսիոնալ և կոռումպացված դատախազը չարիք է, նրա ամեն մի որոշմամբ կամ գործունեությամբ խեղվում կամ կարող են խեղվել մարդկային ճակատագրեր: Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ չի եղել ու չի կարող լինել մի դեպք, երբ որևէ դատախազ փորձ կատարի իրեն դուրս դնել օրենքով իրեն վերապահված իրավասություններից, դրսևորի կոռուպցիոն վարքագիծ և մնա անպատիժ և շարունակի իր ծառայությունն այս համակարգում»,- հայտարարեց գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ այս ընթացքում միայն 8 անձ քրեական պատասխանատվության է ենթարկվել այն բանի համար, որ քաղաքացիներից կաշառք են պահանջել իբր թե դատախազներին փոխանցելու համար, ընդ որում՝ այդ անձանցից 5-ը քննիչներ. «Կարևոր է ընդգծել, որ ստացված տեղեկությունների հիման վրա երկու դատախազների վրա գործեր են հարուցվել և ներկայումս գտնվում են քննության փուլում: Նշված բոլոր դեպքերում քրեական գործերը հարուցվել են դատախազության ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ոստիկանության արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում»:

Գևորգ Կոստանյանը շեշտեց, որ դատախազության համակարգում անզիջում են կաշառակերության և ցանկացած բնույթի կոռուպցիոն հանցագործության նկատմամբ:
Գլխավոր դատախազը նաև անդրադարձավ, իր խոսքերով, որոշ անձանց կողմից հնչած քննադատությանը, որ համակարգից դուրս են մնացել երկարամյա փորձ ունեցող դատախազներ և նրանց փոխարեն համակարգը համալրվել է երիտասարդ անփորձ կադրերով, նա նշեց, որ այս քննադատությունները հիմք չունեն, քանի որ դատախազության համակարգում մնացել են երկարամյա փորձ ունեցող անձիք, իսկ ոմանք էլ փոխել են մասնագիտությունը կամ էլ գնացել հանգստի. «Ինչ վերաբերում է երկար տարիների արատավոր փորձի ձերբազատված քայլերին, ապա այդ երևույթից ժամ առաջ ազատվելը համարել եմ չափազանց կարևոր: Երբ որ իրավագիտության զարգացումը չի ապահովվում, ապա այն վերածվում է զուտ տեխնիկական աշխատանքի, իսկ մասնագետը դառնում է տեխնիկական աշխատանք կատարող: Իմ խնդիրն է, որ համակարգում համալրված չլինեն տեխնիկական աշխատողներ»,- ասաց պարոն Կոստանյանը:

Գևորգ Կոստանյանի ելույթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ