Հիվանդների անունով դուրս է գրել հոգեմետ դեղեր և ապօրինի վաճառել դրանք

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մալաթիայի քննչական բաժնում դեռևս 2014 թվականի ապրիլին հարուցվել է քրեական գործ՝    քաղաքացու կողմից թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով. նրա մոտ հայտնաբերվել էր «Դիազեպամ» գրառմամբ դեղահաբերի 2 տուփ։

Նախաքննությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նշված հոգեմետ դեղամիջոցը  ձեռք է բերել դեղատնից՝ «Քաղաքային Էնդոկրին Դիսպանսերի» բժշկուհու կողմից  այլ անձի անվամբ դուրս գրված դեղատոմսով:

Քրեական գործի նյութերով Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 2015 թվականի հունվարին հարուցվել է նոր քրեական գործ՝  բժշկուհու կողմից շահադիտական կամ այլ անձնական դրդումներով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալու դեպքի առթիվ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ բժշկուհին, աշխատելով «Քաղաքային էնդոկրին դիսպանսերում»՝ որպես սրտաբան, և ունենալով լիազորություն՝ հոգեմետ/հոգեներգործուն/ դեղահաբեր դուրս գրելու, մեկ այլ բնակչուհու անվամբ դուրս է գրել հոգեմետ/հոգեներգործուն/ դեղամիջոցի թվով 48 հատ դեղահաբերի դեղատոմս, սակայն նրան նշված հաբերից տվել է ընդամենը մի քանի հատ։

Քննությամբ պարզվել է, որ բժշկուհին դեղահաբերից  մի քանի հատն ապօրինի իրացրել է մեկ այլ քաղաքացու, ում ինքնությունը քննությամբ պարզվել է, իսկ մնացածը՝ պահել իր մոտ:Այս մասին  Իրավաբան.net –  հայտնի դարձավ ՀՀ քննչական կոմիտեից:
Օրենքով սահմանված կարգով մայիսի 15-ին խուզարկություն է կատարվել բժշկուհու բնակարանում, որի ժամանակ նրա ննջասենյակում հայտնաբերվել են հոգեմետ դեղամիջոց հանդիսացող դեղահաբեր։ Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

2015 թվականի մայիսի 15-ին նա ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մայիսի 18-ին բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել