Եթե օրենքը կա, բայց չի գործում ո՞ւմ է պետք այն. փաստաբան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները հաճախ են խախտվում, սկսած հասարակ փոխադրման միջոցների անհարմարավետությունից, թեքահարթակների բացակայությունից մինչև աշխատանքի ընդունում: Իրավունքների խախտման և դրանք կարգավորող օրենքի բացերի մասին Իրավաբան.net-ը զրուցեց փաստաբան Կարեն Աղաջանյանի հետ:

– Ըստ Ձեզ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները որքանո՞վ են պաշտպանված:

-Իմ ունեցած տվյալներով ՀՀ- ում կա մոտ 178.000 հաշմանդամություն ունեցող անձ, ըստ էության մենք ունենք օրենք, որը գործում է 1993թ.-ից, եթե նայենք, որպես օրենքի այն իդեալական է` ներառում է բոլոր անհրաժեշտ կետերը նրանց իրավունքները պաշտպանելու համար, բայց եթե նայենք դրա ի կատար ածվելուն, այստեղ արդեն կհանդիպենք խնդիրների:

– Բացի Սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքից, ունենք այլ օրենք, որը կարգավորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ:

-Ո՛չ, մենք ունենք միայն այդ օրենքը, որը որ շատ լավն է, բայց չի գործում, դրա պտուղները մենք չենք տեսնում, օրենքով մի շարք արտոնություններ են նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ցանկացած նախագծային աշխատանք կատարելիս անգամ պետք է ստեղծվեն միջոցներ նրանց համար հավասար պայմաններ ստեղծելու համար, բայց մենք բոլորս էլ տեսնում ենք, որ նման բան չկա:

– Համեմատած անցած տարիներին հիմա պետությունը քայլեր է ձեռնարկում հավասար պայմաններ և հնարավորություններ ստեղծելու հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ըստ էության՝ որոշակի տեղաշարժ կա, բայց չենք կարող ասել, որ ամեն ինչ իդեալական է, իրականում բավականին մեծ աշխատանք կա կատարելու, օրինակ թույլ տալ հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել իրենց արտոնություններից, նրանց բազում արտոնություններ են տրված սկսած բուհական համակարգից` ընդունելության քննության ժամանակ անվճար տեղի համար, եթե համապատասխանում են ուսանողների հավաքած միավորները, օրենքը սահմանում է, որ նախապատվությունը պետք է տրվի հաշմանդամություն ունեցող անձին, բացի այդ, նրանց պետք է անվճար դեղորայք հատկացվի, անհրաժեշտ սարքեր և այլն:

– Սա օրենքով, իսկ իրականո՞ւմ:

-Այո՛, ես նշում եմ այն ինչ պետք է լինի ըստ օրենքի, ինչը գրված է, իսկ իրականում դեղորայքի մասին չեմ կարող հստակ ասել, բայց լսողական սարքեր գիտեմ, որ տրվել են մասնավորապես հաշմանդամություն ունեցող երեխաներին:

– Ըստ Ձեզ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման ի՞նչ դեպքերի եք հանդիպում և որքա՞ն հաճախ:

– Հիմնականում աշխատանքային ոլորտի հետ կապված խնդիրների եմ հանդիպում, օրենքը այստեղ ևս արտոնություն է սահմանում նրանց համար, օրինակ, որ շաբաթական 36 ժամից ավելի չի կարելի, որ նրանք աշխատեն, կան սահմանափակումներ գործատուների համար` նրանք իրավունք չունեն մարդուն ազատել աշխատանքից նրա համար, որ նա ունի հաշմանդամություն, կամ դրա պատճառով խոչնդոտել նրա մասնագիտական առաջխաղացմանը: Բայց այսօր գործատուների մեծ մասը, խախտելով օրենքը, չի ընդունում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի:

– Իսկ ի՞նչ պատիժ է սահմանվում այդ քայլի համար:

– Ըստ էության ոչ մի, այդ նույն «լավ» օրենքը սահմանում է, որ եթե գործատուն հաշմանդամություն ունեցող անձին վերցրել է աշխատանքի, ապա նրան պետք է տրվեն արտոնություններ` հարկային, եկամտային առումներով, սա ևս չի գործում, եթե պետությունը շահագրգռի գործատուներին նրանք էլ իրենց հերթին կսկսեն փոխել սեփական վերաբերմունքը: Եթե այս օրենքը կա, բայց չի գործում ո՞ւմ է պետք այն:

– Ի՞ նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, խնդիրը վերացնելու համար:

– Մեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի իրենից, մենք պետք է հասկանանք, որ պետք է օգնենք այս անձանց, առաջինը ձեռք մեկնենք նրանց, հետո հարկավոր է պետական աջակցություն ցուցաբերել, այստեղ հարցը չկարողանալը չէ, հարցը ցանկությունն է: Բացեր շատ կան, անելիքներ ևս: Պետք է հաշմանդամություն ունեցող անձանց ևս իրազեկել իրենց իրավունքների մասին, մարդիկ կան, որ չգիտեն` իրենք աշխատանքի իրավունք ունեն ու արտոնություններ կամ որ կան ՀԿ-ներ, որոնք զբաղվում են իրենց իրավունքների պաշտպանությամբ:

Հարցազրույցը՝ Լիլիթ Շաբոյանի
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել