Դեռևս 1950 թվականի նոյեմբերի 4–ին ընդունված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիան իր մեջ չէր պարունակում որևիցե դրույթ, որը կպաշտպաներ անձանց սեփականության իրավունքը։
Սակայն, 1952 թվականի մարտի 20–ին Փարիզում ընդունված կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը լրացրեց այդ բացը, որի 1–ին հոդվածի համաձայն` սահմանված է, որ «յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։
Հենց այս դրույթի կիրառման շրջանակներում է Եվրոպական դատարանը ներկայումս իրականացնում անձանց սեփականության իրավունքի պաշտպանությունը, որը հստակ սահմանում է, որ անձը իր սեփականությունից կարող է զրկվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում։
Հայաստանի Հանրապետության դեմ մոտ մեկ տասնյակ գործեր են կայացվել հենց վերը ներկայացված դրույթի խախտման փաստով, այդ թվում անցած տարի Եվրոպական դատարանի կայացրած` Բաղդասարյանը և Զարիկյանցը ընդդեմ Հայաստանի, Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի, Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործերը։
ՀԵԻԱ իրավախորհրդատու՝ Առնոլդ Վարդանյան